Ստիպված եմ շեղվել օրինագծի թեմայից, քանի որ Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստանն» սկսել են քննարկել շրիշակից ցածր մակարդակի թեմա: Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Պապոյանի համոզմամբ՝ Մարուքյանը, խիստ սրտնեղելով որոշ անձանց ապօրինի գույքի հնարավոր բռնագրավման հեռանկարից, ընկավ հուզական պոռթկման մեջ եւ իրեն մեղադրեց 18 տարեկանում ՀՀԿ-ին անդամակցելու համար: «Ինձ ասում է՝ թե բա, կոռուպցիայի հետ կապված հարցերն այդ ժամանակ ինչո՞ւ չէիք բարձրաձայնում»,- ասաց Պապոյանը:
«Հատուկ խիստ սրտնեղած Էդմոն Մարուքյանի եւ ԼՀԿ-ի համար ասեմ, որ չէի կարող բարձրացնել, քանի որ, ի տարբերություն իրենց, որեւէ կապ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ նույնիսկ 2016 թ.-ին իր հայացքների եւ օրվա իշխանության հետ կապ չունենալու համար որոշում է կայացվել զրկել աշխատանքից, ինչի արդյունքում պատգամավորը զրկվել է բուհի դասաժամերի մեծ մասից:
Պապոյանի պնդմամբ՝ մինչեւ պատգամավոր դառնալը նա չի ունեցել պետական պաշտոն, քանի որ, ի տարբերություն ԼՀԿ-ի, չուներ հանրապետական բարձրաստիճան ծանոթ պաշտոնյաներ:
«Աշխատել եմ միայն մասնավոր սեկտորում, աշխատել եմ՝ որպես վաճառող, դարձել եմ մարկետինգի մասնագետ, այնուհետեւ՝ բաժնի պետ»,- ասաց Պապոյանը:
«Երբ ես վաճառող էի աշխատում, ձեր խմբակցության անդամը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ոստիկանապետ էր աշխատում, մեկ այլ անդամ Քոչարյանի աշխատակազմում վարչության պետ էր աշխատում: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին էլ ձեր խմբակցության անդամը բանտապետ էր աշխատում: Երբ ես մասնավոր սեկտորում էի աշխատում, դուք, ձեր խմբակցության անդամը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետարանում բարձր պաշտոն էր զբաղեցնում, մեկ այլ անդամ սոցապի պետ էր աշխատում»,- ասաց Պապոյանը, ինչից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ, եւ Պապոյանն արձագանքեց՝ խլրտոցներ չլսեմ:
Այնուհետեւ շարունակեց իր խոսքը՝ ուղղելով Էդմոն Մարուքյանին. «Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էիք ընտրվում եւ չակերտավոր հաղթում էիք իշխանության թեկնածուին: Միակ դեպքը, երբ իշխանության թեկնածուն պարտվել է»,- ասաց պատգամավորը, ինչից հետո կրկին աղմուկ բարձրացավ խորհրդարանում:
«Ձայնդ կտրի, հանգստացեք, թուլացեք եւ վայելեք»,- ասաց Պապոյանը՝ խնդրելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանին ավելացնել իր ժամանակը այնքանով, ինչքանով որ խանգարել են:
«Ադրբեջանում էլ վերջերս եղել են ընտրություններ, եւ էլի մեկ չակերտավոր ընդդիմադիր թեկնածու մեծամասնական ընտրակարգով հաղթել է: Պարո՛ն Մարուքյան, ծանոթ պատմություն է, չէ՞»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանը, իրեն համարելով կլասիկ պատգամավոր, չգրված կլասիկ կանոնն էլ է խախտել՝ կողմ քվեարկելով հանրապետականների բյուջեներին:
Մանրամասները՝ Տեսանյութում