Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։
Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։
1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։
Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։
Նրա էության եւ խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր` մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։
Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։
- 1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։
- 1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։
- 1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։
- 1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
- 1993թ.- ին հիմնադրել է ՙԵրկրապահ Կամավորականների միությունը՚, ընտրվելով ԵԿՄ նախագահ։
- 1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։
- 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։
1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով ՙՀանրապետական՚ կուսակցության առաջնորդ, ապա ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում ՙՄիասնություն՚ դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։
1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման եւ «Հայրենիք» շքանշանի։
Մանրամասները՝ Տեսանյութում