Հայտնի է՝ երբ կնշանակվեն ԱԱԾ և Ոստիկանության պետերը. վարչապետ Փաշինյան

Մի քանի օրից՝ մարտի 19-ին, լրանում է ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնակատարների լիազորությունների՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը նշանակում է, որ մինչեւ ամսի 19-ը ներառյալ պետք է նոր նշանակում լինի: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյոք նա մտադիր է վերանշանակում անել, եւ ինչպե՞ս է գնահատում այս պաշտոնյաների աշխատանքը:

«Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի»,- ասաց վարչապետը: Ինչ վերաբերում է գնահատականին, Փաշինյանի կարծիքով՝ խնդիրներ կան ընդհանրապես իրավապահ համակարգում, պետք է այդ խնդիրները համակարգված կերպով լուծվեն:

«Բայց այդ, խնդիրների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանության պետի պաշտոնակատարի եւ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողի վրա: Մենք պետական կառավարման ամբողջ համակարգում խնդիրներ ունենք, բայց, եթե հարցն այն է, թե ինչո՞ւ մինչեւ հիմա խնդիրները լուծված չեն, ասեմ, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ ախտորոշում, այդ ախտորոշմանն էլ հիմա առնվազն մոտ ենք»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.