ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց պետական համակարգում ծրարով աշխատավարձերի մասին նրա նախկին հայտարարություններից: Թանդիլյանը ցանկանում էր ճշտել՝ արդյոք նախկինում պետական համակարգում աշխատած եւ ներկայումս աշխատող պաշտոնյաներից Փաշինյանը հետաքրքրվել է՝ ովքեր են ստացել նման գումարներ, ումից եւ որքան:
«Ես վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ եմ արել, որ իրավապահ մարմիններն ակնհայտորեն չեն հասցնում դրանցով զբաղվել: Եվ ես էլ իմ դժգոհությունն եմ արտահայտել մի քանի անգամ, որ իրավապահ մարմինները ոչ ամբողջ ծավալով են իրականացնում այն հակակոռուպցիոն քաղաքականությունը, որը ես ակնկալում եմ, որ պիտի իրականացվի: Ինչ վերաբերում է այսօրվա կառավարության անդամներին, ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ եւ, անկեղծ ասած, ցանկություն էլ չունեմ: Երբ որ իրավապահ մարմիններն ի վերջո այնքան արդյունավետ կլինեն, որ կհասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, կնշանակի՝ մենք համակարգային լուրջ հաջողությունների ենք հասել»,- ասաց վարչապետը:
Նա նաեւ նկատեց, որ ծրարով գումար հանձնելու պրոցեսը կարող է տեղի ունենալ երկու մարդու միջեւ, եւ այդ պրոցեսների բացահայտման հետ կապված ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է, նույնիսկ՝ ամենազարգացած իրավապահ համակարգ ունեցած երկրներում:
«Ես կարող եմ ասել, որ համենայնդեպս այն պահին, երբ ես նման հայտարարություն արել եմ, եւ դրանից էլ շատ առաջ այդ երեւույթն արդեն դադարեցված է եղել, համենայնդեպս բացառված է եղել նման երեւույթի գոյությունը, եւ եթե նման դեպքի մասին իմանաք, խնդրում եմ բարձրաձայնեք: Նման բան չկա եւ չպետք է լինի»,- հավելեց Փաշինյանը:
Թանդիլյանը նկատեց, որ հարցաքննության մասին չի խոսում, այլ սովորական հարց ու պատասխանի, որ կարող է լինել վարչապետի եւ իր ենթակա նախարարի միջեւ: Նա նաեւ ասաց, թե ցավով է հետեւում, որ երբ վարչապետը հայտարարում է, թե իրավապահ համակարգում կան դավաճաններ, դրանից հետո որեւէ մեկն այդ հայտարարության հետեւից չի գնում, որովհետեւ վարչապետի մակարդակով նման հայտարարություն անելու պարագայում պետք է լինեն նախորդած կամ հաջորդած քրգործեր, բացահայտումներ:
Փաշինյանը վստահեցրեց, որ իր բոլոր հայտարարություններին, այդ թվում՝ Թանդիլյանի նշածին, հետեւում են գործողությունները, բայց պարտադիր չէ, որ դրանք լինեն հրապարակային եւ բաց:
«Մի մասում մենք ունենք դեպքեր, երբ արդեն մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնյաներին, մոտավորապես՝ այդ կարգի մեղադրանքներով, եւ կարող են լինել դեպքեր՝ քննության հետագա ընթացքը չշարունակվի տարբեր պատճառներով: Իսկ քանի որ Դուք շատ եք ուզում ես իմ կառավարության նախարարներին հարց տամ, քանի որ Դուք էլ եք իմ կառավարության նախարար եղել, ես հիմա ձեզ հարցնում եմ՝ տիկի՛ն Թանդիլյան, եղե՞լ է արդյոք նման բան ձեզ հետ, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը:
Թանդիլյանը պատասխանելու հնարավորություն չուներ, ուստի ստացվեց, որ Փաշինյանի հարցը հռետորական էր:
Մանրամասները՝ Տեսանյութում