1994 թվականին հրազենային կրակոցից սպանված Մհեր Պողոսյանին որդին՝ Էդուարդ Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված երկու տղամարդ հետապնդում իրեն, ինչ-որ տան բակում հարձակվում վրան, հարվածում, որից հետո Էդուարդին հաջողվում է փախչել։
Տեսագրությունն արվել է 2019 թվականին։ Տունը, որի բակում տեղի է ունեցել դեպքը, Էդուարդի փեսայինն է՝ Էջմիածնում։ Տեսախցիկները, որ ֆիքսել են հարձակումը, փեսայի տան անվտանգության համար է։
Տեսագրությունը Էդուարդի հոր՝ Մհեր Պողոսյանի սպանության 25 տարի քնեցրած ու վերաբացված գործի դատավարության օրերին է արված։ Հույս ունենալով, որ հեղափոխությունից հետո իրական մարդասպանը կբացահայտվի ու կպատժվի օրենքի ողջ խստությամբ, սպանվածի որդին, գործը վերաբացելու խնդրանքով դիմել էր հայրենի արդարադատությանը։
Անգործ չէր մնացել նաև անպատիժ մնացած մարդասպանը, որն էլ, Էդուարդի կարծիքով՝ կազմակերպել էր իր վրա հարձակումը։ «Դրանք ուրիշ մեթոդներ չունեն․ ոնց կան՝ վայրենի, այդպես էլ մնացել են։ Ուղղակի էն ժամանակ իրենց ձեռքերով էին մարդ ծեծում կամ սպանում, հիմա ուրիշների միջոցով են անում։ Երևի մտածում են՝ կվախենամ, հետ կքաշվեմ էս գործից․ ասեմ, որ սխալվում են։ Ես մինչև վերջ գնալու եմ, հորս սպանողը պատասխան է տալու»,-ասաց Էդուարդ Պողոսյանը։
Մհեր Պողոսյանն Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրենն էր։ Սպանվել է 25 տարի առաջ՝ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում։ Էդուարդը վստահ է՝ մարդասպանը Մանվել Գրիգորյանի եղբորորդի, նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է, որը պատասխանատվությունից խուսափել է հորեղբոր ջանքերի շնորհիվ։
Սպանությունից հետո Մհեր Պողոսյանի անպաշտպան կինն իր մանկահասակ տղաների հետ լքել է Հայաստանը։ 25 տարի անց Էդուարդը վերադարձել ու հոր արյան պատասխանն է պահանջում։ Ասում է՝տեսագրությունն արվել է վերաբացված գործի դատավարության նախօրեին, երբ Ռուսաստանից վերադարձլ էի դատական նիստերին մասնակցելու համար։
Հանցագործներն իմացել են, որ ինքը փեսայի տանն է ապրում։ Դեպքի պահին էլ փեսայի հետ է եղել։ «Տուն էինք գնում, ես փեսայիցս մի քիչ հետ էի մնացել, որովհետև հեռախոսով գրում էի։ Մեկ էլ հետևիցս մոտեցան՝ էս չես ուզում հա՞ հանգիստ լռվես տեղդ՝ ասացին ու ինչ որ բանով խփեցին մեջքիս։ Մինչև ուշքի կգայի, մեկն էլ դիմացից, ծնկով խփեց փորիս։ Ես հասկացա՝ հարվածն ուր էր ուղղված․ պպզեցի ու տեսա, որ զինված են դանակով ու դուբինկեքով, միանգամից ոտքի կանգնեցի ու պոկվեցի․․․ Լավ է՝ բակի դուռը բաց էր, հիմնականում փակ է լինում, մեզ մի կերպ ներս գցեցինք․․»,-պատմեց Էդուարդը։
Հիշեցնենք, որ Մհեր Պողոսյանի սպանությունը կոծկելուն մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը։ Պողոսյաններն այդ մասին պարզելու էին ավելի ուշ՝ փորփրելով ընտանեկան արխիվը։ Փստաթուղթը, որ «պեղել» են արխիվից, փոխնախարարի ստորագրությամբ է։ Ըստ դրա՝ Մհեր Պողոսյանը զոհվել է Ղարաբաղում՝ ծառայական պարտականությունները կատարելիս։
Գնդապետ Պետրոսյանը նույնիսկ մարտական շինծու ուղի է քարտեզագրել և փաստաթղթում նշել, թե, իբր Մհեր Պողոսյանը 1990-93 թվականներին եղել է «Երկրապահ» ջոկատի ազատամարտիկ, մասնակցել է Շուշիի ազատագրմանն ու Հադրութի պաշտպանությանը։
Սպանվածի որդին հերքում է հոր մասնակցությունն Արցախյան պատերազմին։ Ասում է՝ այդ կեղծիքն արվել է հանցագործությունը կոծկելու համար։
Մհեր Պողոսյանի սպանության գործով դատավարությունը սկսելուն պես Էդուարդը նորից կգա Հայաստան։ «Թող չկարծեն, թե նահանջելու եմ»։
Մանրամասները՝ Տեսանյութում
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ hraparak.am