ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսին։
«Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։
«Ուզում եմ՝ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան»,- նշեց Փաշինյանը՝ հորդորելով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին չթուլացնել զգոնությունը։
«Ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բայց ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից»,- ընդգծեց վարչապետը՝ կոչ անելով քաղաքացիներին ապրել իրենց բնականոն կյանքով։
«Այս պահին որեւէ անհանգստացնող բան չունենք»,- վստահեցրեց նա։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան. «Եթե, այնուամենայիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում»,- ասաց փոխվարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Հայաստան ժամանող ուղեւորները ամբողջությամբ վերահսկողության տակ են։
Իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի որեւէ հաստատված դեպք դեռեւս չկա: Նա նշեց, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը բուժվում են, դրանց մեծ մասը՝ ինքնուրույն, բժշկական միջամտության կարիք չկա։ «Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, ապա մոտավորապես հինգ տոկոս են կազմում ծանր դեպքերը»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ Տեսանյութում