Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քիչ անց սկսվելու է Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը: Դատարանի բակում Սարգսյանի աջակիցները, ՀՀԿ-ականները, այդ թվում՝ նախկին պատգամավորներ, բողոքի ակցիա են իրականացնում:
Հաջակցություն Սերժ Սարգսյանի ակցիային մասնակցում է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, «Դերժավայի Արկադ» անունով հայտնի Արկադի Համբարձումյանը:
«Էկել եմ աջակցեմ իմ նախագահին»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչու է մասնակցում ակցիային՝ Համբարձումյանն այսպես պատասխանեց՝ հավելելով, որ մարդկային հարաբերություններն են դրդել գալ ակցիայի:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ինքը իր բիզնեսների աշխատակիցներին պարտադրել է մասնակցել այսօրվա ակցիային, Համբարձումյանն ասաց, որ չի պարտադրել, բայց ինքը, որ մի տեղ գնում է, աշխատակիցներն իր հետ գալիս են.
«Ես հրահանգ չեմ տվել, որ գան, 2018-ին էլ հրահանգ չեմ տվել, հեղափոխությանը մասնակցել են: Հարգանք ունենք, պատիվ ունենք, մարդիկ իմ հետ գալիս են»,- ասաց նախկին պատգամավորը:
Հարցին՝ որպես գործարար մասնակցո՞ւմ է տնտեսական հեղափոխությանը, Համբարձումյանը պատասխանեց, թե ինքը շուտ է արել տնտեսական հեղափոխություն, հիմա էլ իր գործն է անում, աշխատատեղեր է ստեղծում, արգելքների չի հանդիպում, ու երբեւիցե չի հանդիպել:
Մանրամասները՝ Տեսանյութում