Պատասխան Մոսկվային ու Բաքվին... Սերժ Սարգսյանը զգաց վտանգը.

 

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար արված հայտարարության մեջ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին ու մասնավորապես ասել. «Ընդգծվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը»:Տեւական ժամանակ է պաշտոնական Երեւանը չի խոսում Վիեննայի պայմանավորվածություններից ու հետաքննության մեխանիզմներից, այսինքն՝ բանակցության վերսկսման հայկական պայմաններից: Սա տարբեր մեկնաբանությունների ու եզրահանգումների տեղիք է տվել փորձագիտական շրջանակներում:

Եվ ահա, Դոդոնի հետ բանակցությունից հետո Սերժ Սարգսյանը վերջապես խոսեց այդ պայմանավորվածությունների մասին: Թեեւ, այստեղ որոշակի հարցեր են առաջանում: Բանն այն է, որ Վիեննայի, այսինքն ամերիկյան նախաձեռնությամբ հանդիպման օրակարգը բավական հրապարակային է, կա բավականաչափ տեղեկատվություն, եւ այդ օրակարգն ըստ էության հայկական պայմաններն են, որոնք պաշտոնական Երեւանը հայտարարել էր ապրիլյան պատերազմից հետո:Սանկտ Պետերբուրգի հանդիպումն արդեն ռուսական նախաձեռնություն էր, որն այդպես էլ փակ կմնար հանրության համար, եթե Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը փաստացի չհայտարարեր, որ այդ հանդիպմանը փորձ է արվել չեղարկել կամ շրջանցել Վիեննայի օրակարգը: Նա հայտարարել էր նաեւ, որ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, չեն ընդունելու դա:

Ի դեպ, պաշտոնական Երեւանի այս խորհրդավոր լռության ամիսներին ԱՄՆ-ն մի քանի անգամ ակնարկել ու հիշեցրել է, որ կարգավորման գործընթացի ներկայիս միակ խնդիրը Վիեննայի օրակարգի կատարումն է:Ժնեւի հանդիպումն ընդհանրապես փակ է, պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ կես բառ անգամ չի հրապարակել Ալիեւի հետ զրույցից:Վիեննայի օրակարգը Ադրբեջանի քաղաքականության մահն է ու քաղաքական փակուղին, նույնը վերաբերվում է նաեւ Ռուսաստանին: Սանկտ Պետերբուրգից մինչեւ Ժնեւ այս երկրները փորձում են չեղարկել Վիեննայի օրակարգը, իսկ այս օրերին էլ արդեն բազար են սկսել Ղարաբաղի տարածքների, ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության ու շփման գծում ռուսական զորք մտցնելու մասին, առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու:

Չի բացառվում, որ դա բլեֆ է, բայց քաղաքականության մեջ բլեֆի ու իրականության սահմանը հեղհեղուկ է եւ հաճախ դժվար է կանխատեսել, թե ինչը կաշխատի իրական ռեժիմում:Հնարավոր է՝ այս հանգամանքն է Սերժ Սարգսյանին ստիպել «դուրս գալ» Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի «պայմանավորվածությունից» եւ Մոսկվային ու Բաքվին հիշեցնել Վիեննայի մասին: Նա թերեւս զգացել է վտանգը եւ թե ինչ է նշանակում «առանց նախապայմանի» բանակցությունը շարունակելու փորձը: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am