«Սերժ Սարգսյանը՝ մի դատարանում, Ռոբերտ Քոչարյանը…».

hraparak.am- ը գրում է. Այսօր Երեւանի դատարանի Նոր Նորքի նստավայրում կմեկնարկի Սերժ Սարգսյանի դատավարությունը: Ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատրաստվում այս իրադարձությանը, որը, համաձայնեք, ընդամենը 2 տարի առաջ ֆանտաստիկայի ժանրից կլիներ։

Datalex-ում արդեն տեղադրված է քրեական գործի մասին տեղեկատվությունը․ դատավորը Վահե Միսակյանն է, ում նշանակել է հենց Սերժ Սարգսյանը՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով։ Այն ժամանակ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, հետո վերանշանակվել է Երեւանում՝ արդեն նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։
Հիշեցնենք, որ շուրջ կես միլիոն դոլարի դիզվառելիքի (շատ ընդդիմադիրներ այս գործն անվանում են «սագագողության» հոդված) գործով անցնող ամբաստանյալները 5-ն են՝ Սերժ Սարգսյան, Սերգո Կարապետյան, Բարսեղ Բեգլարյան, Սամվել Գալստյան, Գեւորգ Հարությունյան։

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ դեկտեմբերի 31-ից մինչեւ 2016թ․ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ գյուղատնտեսության նախարար, այսինքն՝ ՀՀ կառավարության անդամ, պաշտոնատար անձ, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ, խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։ Սերժ Սարգսյանի մեղադրանք հետեւյալն է․ «Զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2013թ․ հունվարի 25-ից մինչեւ նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։ 

Մենք ժամանակին տեղեկացրել էինք, որ Սերգո Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ անցկացված առերեսման ժամանակ տհաճ իրավիճակ էր եղել, եւ Սերգոն չէր նայել նրա աչքերին։ Գրել էինք, որ մեղադրանքը կառուցված է բացառապես Սերգո Կարապետյանի ցուցմունքի վրա, եւ այժմ կարեւոր է, թեե դատարանում ինչ ցուցմունքներ կտա Սերգո Կարապետյանը, ով ընդհանրապես անհետացել է ասպարեզից եւ անգամ ընկերների հետ չի շփվում։ Անգամ մինչեւ այժմ հայտնի չէ, թե ով է նրա փաստաբանը

Բարսեղ Բեգլարյանին, Սերգո Կարապետյանի տեղակալ Սամվել Գալստյանին ու ԳՆ բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքները հանցագործության օժանդակությունն է։ Սամվել Գալստյանին առաջադրված մեղադրանքն առհասարակ աբսուրդի ժանրից է․ ասում են՝ նրան մեղադրում են այն բանում, որ նա փոխանցել է Սերգո Կարապետյանի ցուցումը մրցույթ կազմակերպողին։ Այսինքն՝ նույն հաջողությամբ, կարող էին մեղադրանք առաջադրել, օրինակ, Կարապետյանի քարտուղարուհուն։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, չնայած այն բանին, որ նախաքննությունն ավարտվել է, եւ նախաքննական գաղտնիքի հրապարակման հետ կապված սահմանափակումներն այլեւս չեն գործում, շարունակում է չպատասխանել հարցերի մեծ մասին։ Նա միայն ասաց, որ Սերժ Սարգսյանը ներկայանալու է դատական նիստին, եւ որ նա մեղադրանքը չի ընդունում։ «Մնացած մանրամասների վերաբերյալ մենք ամեն դատական նիստին կներկայացնենք, վաղվանից սկսած՝ տեղեկատվություն կտանք»,-ասաց Մակինյանը։

Հարցին, թե ինչ պաշտպանական մարտավարություն է ընտրել՝ միջնորդություններ, բացարկներ կլինե՞ն, Մակինյանը հրաժարվում է պատասխանել, առաջարկելով սպասել մինչեւ վաղը։ 

Նշենք, որ «Սերժ Սարգսյանի աջակիցների» անունից արդեն հայտարարություն է տարածվել։ Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ հայտնեց․ «Շատ ու շատ մարդիկ, քաղաքացիներ, մի մասը՝ կուսակցական, մի մասը՝ անկուսակցական, գիտակցելով, որ երրորդ նախագահի դեմ հարուցված է շինծու քրեական մեղադրանք, որը պայմանավորված է շատ ու շատ գործոններով, այդ թվում՝ Արցախի ու Հայաստանի անվտանգության», գալու են դատարան։ Բոլոր այլ հարցերին, թե քաղաքական ակցիաներ լինելո՞ւ են, Սերժ Սարգսյանը քաղաքական հայտարարոթյուններ անելո՞ւ է, տիկին Ռիտա Սարգսյանը ներկա լինելո՞ւ է, դատից առաջ Սարգսյանը կուսակիցներին ինչ-որ բան հորդորե՞լ է, Մամիջանյանը պատասխանեց՝ համբերեք եւս 15 ժամ։ Իսկ եթե նախկին ընդդիմադիրները, օրինակ՝«Սասնա ծռերը», «կոնտրակցիաներ» անեն, ունե՞ն հակազդելու ծրագիր։ Մամիջանյանն ասաց, որ իրենց նման հարցերը չեն հետաքրքրում։ «Իմ խնդիրն իմ ավագ ընկերոջ կողքին լինելն է»,- ասում է նա։ 

Աջակիցների թվում է նաեւ Ռեֆորմիստների կուսակցությունը, որի ղեկավար Վահան Բաբայանն արդեն հայտարարել է՝ գնալու են դատարան։ Քաղաքացիական ակտիվիստներից հետաքրքրվեցինք՝ ինչ են պատրաստվում անել, Նարեկ Մալյանը հարցով հակադարձրեց, թե 3 միլիոն մարդկանցից հատկապես ինչու ենք իրեն նման հարց ուղղում։ Իսկ Նարեկ Սամսոնյանն ասաց․ «Չգիտեմ, այսինքն՝ չեմ որոշել։ Մտածում եմ՝ գնա՞մ, չգնա՞մ»։ Վազգեն Մանուկյանի «Վերնատունն» էլ դեռ չի կողմնորոշվել, Վազգեն Մանուկյանն առաջարկեց զանգել ավելի ուշ, հետո չպատասխանեց։

Մանրամասները այստեղ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.