Այսօր ժամը 18-ին նշանակված ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Նիստում պետք է քննարկվեր Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցի վերաբերյալ ԱԺ-ին եզրակություն ներկայացնելու հարցը: Հանձնաժողովի նիստին ներկա են եղել միայն հանձնաժողովի անդամներ ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը, «Ելք» դաշինքից Սասուն Միքայելյանը և ՀՅԴ-ից Ռոմիկ Մանուկյանը: Հանձնաժողովի նիստը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 4 պատգամավորի ներկայություն: Հանձնաժողովում ՀՀԿ-ի ներկայացուցիչ Ալիկ Սարգսյանը, ով իր վրա էր վերցրել հանձնաժողովի նիստը նախագահելու պարտականությունը
հայտարարել էր, որ նիստը քվորումի բացակայության պատճառով հետաձգվում է մինչև երկուշաբթի: Սակայն գիշերը ժամը 21.00-ին, խիստ անսպասելի հանձնաժողովը արտահերթ նիստ է արել: Քվորումի ապահովման համար բերման են ենթարկվել ՀՀԿ խմբակցության անդամներ Միհրան Պողոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը:
Չնայած «Ելք»-ից Սասուն Միքայելյանը բացակայել է նիստին, սակայն անհրաժեշտ չորս հոգին ապահովված էր: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ականների բոյկոտը խիստ զայրացրել է նախագահականին և այնտեղից խստիվ կարգադրել են գիշերային նիստ անել և դրական եզրակացություն տալ նախագծին: Ինչը և տեղի ունեցել:
Ըստ երևույթին, նախագահականում կարծել են, որ խորհրդարանական մեծամասնության շարքերում խուլ դժգոհություն է հասունանում Վիգեն Սարգսյանի հանդեպ, այլ խոսքով` նիստի տապալումը դեմարշ են համարել պաշտպանության նախարարի դեմ և որոշել են
կոշտ միջամտությամբ ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը աջակցում է Վիգեն Սարգսյանի նախագծերին: Վերջին երկու օրերին իշխանության որոշակի կոնսոլիդացիա է տեղի ունենում, հավանաբար` ուսանողական հուզումների ֆոնին:
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թեկուզև անուղղակի աջակցություն հայտնեց Վիգեն Սարգսյանին, այսօր նրան աջակցելու համար գիշերով նախագահականի ցուցումով խորհրդարան «զորակոչվեցին» պատգամավորներ: ԱԺ պաշտպանության հանձնաժողովի այսօրվա նիստի տապալումը լուրջ ահազանգ էր Սերժ Սարգսյանի համար` առնվազն այն իմաստով, որ քիչ թե շատ ֆորս-մաժորային իրավիճակներում խորհրդարանական մեծամասնությունը կորցնում է կառավարելիությունը: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում որոշակի վերադասավորումներ կիրականացնի Հանրապետականի խորհրդարանական վերնախավում:
Մյուս կողմից` «գիշերային ռեժիմով» աշխատանքը բնորոշ է հասարակություններից վախեցող ավտորիտար ռեժիմներին: Մի քանի հարյուր ցուցարարներ ուսանողները ստիպեցին, որ ժամը վեցին ՀՀԿ պատգամավորները ճողոպրեն խորհրդարանից:
«Դասալիքներին» այս անգամ բերման ենթարկեց նախագահականը, սակայն հասարակական ավելի հուժկու և կազմակերպված ճնշման պարագայում «դասալիքներն» այնքան շատ են լինելու, որ բերման ենթարկելու մասին մտածելն անգամ անիմաստ կդառնա:
Ի դեպ, ուսանողներն, ի պատիվ ցույցերի կազմակերպիչների, կարողացել են բացահայտել իշխանությունների «գիշերային խորամանկությունը»` ամբողջ երեկո ցույց անելով խորհրդարանի շենքի մոտ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am