«Զինապարտության մասին» օրենքի նախագծի կամ այսպես ասած՝ տարկետման չեղարկման օրենքի նախագծի դեմ հանդես եկող ուսանողական խմբի բողոքի ակցիաների երրորդ օրը նրանց ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև օրենքի հեղինակը և ուսանողների բողոքի թիրախը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Իրադարձությունների այդ զարգացումը որոշակիորեն անսպասելի էր մի քանի պատճառով: Նախ՝ առաջին երկու օրերին որևէ կերպ չստացվեց պաշտպանության նախարարի և բողոքող ուսանողների, այսպես ասած, հաղորդակցությունը, և նույնիսկ տպավորություն առաջացավ, որ նրանց մոտ, բացի օրենքի նախագծի շուրջ, այսպես ասած, տարակարծությունից, առաջանում է նաև «անձնական հակադրություն», և թվում էր, որ
իրավիճակը արդեն ստանում է որոշակի իռացիոնալ բնույթ, ու կողմերը ընդհուպ կարող են մոտենալ մի իրավիճակի, երբ քայլեր կանեն արդեն ոչ թե համոզումներից, մոտեցումներից դրդված, այլ այսպես ասած՝ ի հեճուկս, թասիբից դրդված: Իսկ դա, իհարկե, չէր տանի որևէ լավ տեղ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմին, թե՛ առավել ևս բանակին ու դրա շուրջ մթնոլորտը:
Մյուս հանգամանքն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ միայն ուսանողական բողոքի առիթով որևէ կերպ չի արտահայտվել և ոչ միայն «Զինապարտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ չի հայտնել իր մոտեցումը, այսպես ասած՝ չի մտել դրա պատասխանատվության տակ, այլ գործնականում լռել է ազգ-բանակ հայեցակարգի մասին ընդհանրապես: Իսկ դրա պատճառը կարող է լինել այն, որ Կարեն Կարապետյանն այդ հայեցակարգը համարում է Սերժ Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի քաղաքական նախագիծը,
որը ոչ միայն առնչություն չունի իր հեռանկարների և խնդիրների հետ, այլ կարող է լինել նաև դրանց հետ որոշակի հակասության մեջ: Ահա այդ իմաստով, զուտ դիրքավորումների և այսպես ասած՝ քաղաքական հայտերի բովանդակության տեսանկյունից Կարեն Կարապետյանի համար, թերևս, ամենևին վատ չէր լինի, եթե Սերժ Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի քաղաքական պլատֆորմի խոփը ինչ-որ տեղ, գոնե ինչ-որ ժամանակով ու ծավալով դեմ առներ քարին:
Մյուս կողմից՝ հենց այդ հանգամանքը տրամաբանական էր դարձնում Կարապետյանի հանդիպումը ուսանողների հետ և հատկապես երրորդ օրը, այսինքն՝ այն բանից հետո, երբ առաջացավ լարում նրանց և պաշտպանության նախարար Սարգսյանի միջև, և փաստացի ստեղծվեց մի վիճակ, որ Վիգեն Սարգսյանը գնում է կոշտ հակադրության ճանապարհով: Ահա այդ իրավիճակում Կարեն Կարապետյանի խաղի մեջ մտնելը պարունակում է Վիգեն Սարգսյանի ֆոնին դիվիդենտ քաղելու շոշափելի հնարավորություն: Բայց հետաքրքիր է այն, որ Կարապետյանը ուսանողներին հանդիպում է Վիգեն Սարգսյանի հետ, նաև կրթության ու գիտության նախարարի՝ դաշնակցական նախարարի, ինչը, թերևս, պակաս էական հանգամանք չէ:
Այստեղ իրավիճակը ստանում է բավականին բազմազան երանգներ: Մի կողմից՝ Կարեն Կարապետյանը միավոր է հավաքում, հանդես է գալիս հանդուրժողության, այսպես ասած՝ հանրությանը հաշվի առնողի դերում, առավել ևս, որ հանդիպումից հետո երիտասարդները հայտարարեցին, որ գոնե հաղորդակցության առումով նրանից տպավորությունը եղել է դրական, մյուս կողմից էլ՝ Կարեն Կարապետյանը, այդ ամենով հանդերձ, որևէ տարբեր բան, հուսադրող բան չի ասում՝ ուսանողների տեսանկյունից, իհարկե, դրական և հուսադրող: Այդ իմաստով էլ ստացվում է, որ Կարապետյանը ոչ թե միավոր է հավաքում, այլ պարզապես ստիպված է եղել խախտել լռությունն ու պաշտպանության նախարարի և կոալիցիոն գործընկեր Դաշնակցության ներկայացուցչի, այսպես ասած, ներկայությամբ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնության պաշտպանությամբ՝ այս կամ այն կերպ ստանձնելով իրավիճակի համար քաղաքական պատասխանատվության իր մասը և չկարողանալով, այսպես ասած, մնալ «մաքուր ձեռքերով»:
Ընդ որում՝ հետաքրքիր հանգամանք է և այն, որ այդ կազմով հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ժողովրդագրական թեմայով խորհրդակցություն էր հրավիրել նախագահական նստավայրում և հավաքել գրեթե ամբողջ կառավարման համակարգը՝ բացառությամբ ուժային կառույցների: Չի բացառվում, որ այդ խորհրդակցության ոչ հրապարակային մի մասն էլ վերաբերել է զինապարտության մասին կամ տարկետման վերաբերյալ օրինագծի շուրջ ստեղծված վիճակին:
Բացառված չէ, որ Սարգսյանը կա՛մ հանձնարարել է մենակ չթողնել Վիգեն Սարգսյանին, հատկապես Կարեն Կարապետյանի մասով, որի մոտ կարող էր նկատել Սարգսյանի հանդեպ մրցակցային տագնապներ, կա՛մ էլ պարզապես ամբողջական հանձնարարական է տվել
ստեղծված իրավիճակը չփորձել օգտագործել ներիշխանական հաշիվներ մաքրելու համար և այդ իսկ պատճառով հորդորել է հավաքական հանդիպում ունենալ ուսանողների հետ և հավաքական պատասխանատվություն ստանձնել նախաձեռնության համար:
Այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանը գուցե զրոյացրել է ներիշխանական դիմակայության մի քանի կողմի մինչ այժմ հավաքած միավորները:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am