«Խարդախի են ձերբակալել, ում հիմա ստուգում են...».Ղազինյանը՝ ԵՊՀ դասախոսի ձերբակալման մասին

Այսօր պարզ դարձավ, որ Երեւանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող եւ կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչեւ 8000 ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար:

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ խոստովանել հանցագործության կատարումը։

 

 ArmDaily.am-ի հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ իրենց ֆակուլտետում որևէ մեկին որևէ մեկը ոչնչում չի կասկածում և ոչ ոք չի ձերբակալվել.«Խարդախի են ձերբակալել, ում հիմա ստուգում են, որպեսզի հասկանան՝ ում միջոցով ինչ է արել»։

Նշենք, որ առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.armdaily.am