Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, «Ազատությանը» փոխանցեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Վահագն Վերմիշյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը։ «Իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ներկայումս լրատվական դաշտում հրապարակված դեպքերի շարադրանքը, ըստ էության, իր հետ որևէ աղերս չունի», - նշեց փաստաբանը։
Ըստ ԱԱԾ-ի՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:
Վահագն Վերմիշյանի փաստաբանն ասում է. - «Ես տվյալ հայտնածս տեղեկատվությունից այլ բան ներկա պահին չեմ կարող մանրամասնել, բայց միանշանակ՝ տեղեկատվությունը որևէ ներկա պահին աղերս չունի սույն գործի հետ կապված, իսկ պարոն Վահագն Վերմիշյանը իր մեղքը չի ընդունում տվյալ հարցի հետ կապված»։
Փաստաբանն այլ մանրամասներ չհաղորդեց, նշելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։
Մանրամասները՝ Տեսանյութում