Նախկին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի՝ կաշառքի գործով դատական նիստի ընթացքում բողոքի ակցիա են իրականացրել նաև այն մայրերը, որոնք կասկածներ ունեն, որ իրենց երեխաները չեն մահացել և իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից: Նրանք պահանջում են ձերբակալել Ռազմիկ Աբրահամյանին:
«1998թ. ծննդաբերել եմ տղայիս, իմ առաջին երեխան էր: 7 օր ապրելուց հետո ինձ ասացին, որ երեխան նորմալ վիճակում է, արի վերցրու: Հաջորդ օրն առավոտյան գնացի, ասացին, որ երեխան մահացել է: Ո´չ մի թուղթ, ո´չ մի տվյալ, ո´չ մի բան չունեի: Հիմա տվյալներս փաստաբանի մոտ են, ուզում եմ հետաքրքրվել, հասկանալ, թե ուր է իմ երեխան»,- ասաց բողոքող մայրերից մեկը:
Ծնողներից մեկն էլ՝ Կարինե Սայադյանը, լրագրողներին ցույց տվեց փաստաթուղթը, որը վերջին դեպքերից հետո ստացել էր զագսից՝ ի պատասխան իր հարցման:
«Իմ դեպքը եղել է Ռազմիկ Աբրահամյանի մոտ, նա դեռ 1976-ից աշխատում էր: 1979թ. դեկտեմբերին ունեցել եմ տղա: Ասացին, որ մեկ շաբաթվա մեռելածին է: Վերջերս զագսում պարզեցի, որ իմ երեխան անուն-ազգանուն ունի: Թուղթը տրվել է Հանրապետական հիվանդանոցի կողմից, ո՞նց կարող է մեռելածին երեխան անուն-ազգանուն ունենալ: Նա հիմա արդեն 40 տարեկան է, փնտրում եմ»,- ասաց Կարինե Սայադյանը:
Երբ Ռազմիկ Աբրահամյանը դուրս եկավ դատարանի շենքից, մայրերը նրա հետևից վիրավորական ու մեղադրական արտահայտություններ էին անում:
«Սպիտակ մազերիցդ ամաչի´, գետինը մտնես»,- բղավում էր մայրերից մեկը:
Մանրամասները SHANT NEWS-ի Տեսանյութում