«Որդուն տեսության գնացած վարչապետի ընտանիքին ռեստորանում ՀԴՄ չեն տրամադրել…». վարչապետը մանրամասնում է

«Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ հաշիվը վճարելուց հետո տեսել են, որ ՀԴՄ կտրոն չեն բերել: Հրավիրել են մատուցողին, հարցրել, թե ՀԴՄ կտրոն չպե՞տք է տան:

«Ասաց՝ պետք է տանք: Ասացի՝ դե, խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում՝ ես ինքս մոտեցա:

Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում):

Այդ ընթացքում իմացել էի, որ քաղաքացիների խումբ է եկել, որ ինչ-որ հարց է ուզում ինձ հետ քննարկի: Ռեստորանից դուրս եկա, երեւի մի քսան րոպե զրուցեցի քաղաքացիների հետ: Զրույցն ավարտելուց հետո հետաքրքրվեցի՝ ՀԴՄ կտրոնը բերեցի՞ն: Ոչ ոք տեղյակ չէր: Ներս մտա, հարցրի՝ ի՞նչ եղավ ՀԴՄ կտրոնը: Սկսեցին ինչ-որ բան պատմել, որ ՀԴՄ-ն նոր են փոխել եւ այլն, եւ այսպես շարունակ, ու այդպես էլ կտրոն չտվեցին:

Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չե՞ք նայում, չե՞ք տեսնում, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարեւորության մասին: Ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված, ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում՝ ՀԴՄ կտրոնի թողարկումն ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետեւ շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով:

Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերն աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է ինձ վրա: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու եւ նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքացիներին:

Հ.Գ. Հաշիվը բերելիս ասացին, թե իրենց մոտ զինվորները տասը տոկոս զեղչ ունեն, եւ այդ զեղչը տարածվեց նաեւ մեր զինվոր Աշոտի վրա: Ահա՛, այսպիսի հայրենասիրական քայլ: Բայց, սիրելինե՛րս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չէ անել: Իր հարկերի վճարման հարցն օրենքով նախատեսված կարգով լուծեք եւ դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: Եվ նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի:

Հ.Գ.-2 Քանի որ հիմա սկսվելու են բազմաթիվ հրապարակումներ լույս տեսնել այդ օրն այդ ռեստորանում բացված «էլիտար» սեղանների եւ «ճոխ» ուտեստների մասին, միանգամից ասեմ, որ 39 հազար դրամ է կազմել մեր հաշիվը: Էս գործի սիրահարները թող նայեն, թե ինչ կարող են տեղավորել այս աննախադեպ թվաբանության մեջ: Ասեմ նաեւ, որ Աշոտը կիրակի օրով զորամասի տարածքը մի քանի ժամով լքել է օրենքով սահմանված կարգով, ինչպես մեր մյուս բոլոր զինվորներն են անում: Փաստաթղթերն անձամբ եմ ստուգել»,- գրել է վարչապետը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.