Քիչ առաջ դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակեց որոշումը.

Մարտի 1-ի գործով Դատախազության բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնեց:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:

Այս բողոքով առաջին դատական նիստը կայացել էր հունվարի 31-ին, սակայն բողոքի բուն քննությունն այդպես էլ չէր սկսվել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ նշելով, որ նա այս գործով չի կարող լինել անաչառ եւ անկողմնակալ դատավոր:

Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ այն որակելով սադրանք: Լսելով կողմերին՝ նույն օրը դատավոր Դանիելյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Դանիելյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը նախորդ տարի՝ 2019 թվականի հունիսի 25-ին, բեկանեց Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումը եւ որոշեց նրան դարձյալ կալանավորել:

Այսպիսով, դատական նիստը շարունակվում է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.