Զոհված զինծառայողի հուղարկավորմանը Հայթաղ գյուղում ներկա էր նաև նախարարը

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում տեղի ունեցավ հունվարի 30-ին Արցախում զոհված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը:

Ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Հիշեցնենք, ավելի վաղ, Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները համաձայնության եկան Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Նախարարի հորդորով ու խնդրանքով, նրանք որոշեցին դադարեցնել բողոքը եւ վերադառնալ գյուղ՝ հուղարկավորելու զինվորին: նախարարը խոստացավ մեկնել իրենց հետ եւ մասնակցել հոգեհանգստին:

Հիշեցնենք, Վահրամ Ավագյանի հարազատները, չհավատալով ինքնասպանության նախնական վարկածին, ի նշան բողոքի, զինվորի դին բերում էին Երեւան՝ փակելով Արմավիր-Երեւան մայրուղին:

ՀՀ պաշտպանության նախարարը անձամբ բանակցեց մահացած զինծառայողի հարազատների հետ, որի ընթացքում նշեց, որ գործով 3 ձերբակալված կա, ձերբակալվածներից Դավիթ Առաքելի Մովսիսյանը Շմայս մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:

Քիչ հետո ՔԿ-ն հրապարակեց բոլոր ձերբակալված ծառայակիցների անունները:

Զինծառայող Վահրամ Ավագյանը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝  Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.