ԵՊՀ-ն՝ Սերժ Սարգսյանի և իշխանության աքցաններում

 

Այս օրերին ԵՊՀ-ում զարգացող ուսանողական հուզումների ֆոնին տեսանելի է դառնում մայր բուհի թշվառությունը իր ողջ հասակով: Նույնիսկ էական չէ, թե ինչ խնդրով են ընդվզում ուսանողները կամ ինչպիսի արդյունք կունենա նրանց շարժումը, որովհետև քստմնելի է տեսնել, թե ԵՊՀ ադմինիստրացիան ինչպիսի մեթոդներով է պայքարում այլակարծության յուրաքանչյուր դրսևորման դեմ: Վերջին օրերին համալսարանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի` բառի իսկական իմաստով, որովհետև կողպում են մասնաշենքերի դռները` խոչընդոտելու համար դասադուլներին և երթերին ուսանողների միանալուն:

Քիչ առաջ էլ մի արտառոց փաստի մասին տեղեկացանք. մինչ ուսանողները հանդիպում էին ԿԳ նախարարի հետ, ԵՊՀ-ի պրոռեկտորը ներքին հրահանգ է իջեցրել (այնքան էլ էական չէ` գրավոր, թե բանավոր), որով արգելում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին և տարկետման վերաբերող հարցերի շուրջ: Ըստ հավաստի

լուրերի` բանը հասել է այնտեղ, որ ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ: Փաստորեն Հայաստանն արագ տեմպերով գլորվում է ավտորիտարիզմի անդունդը` թերևս նույնանալով հյուսիսկորեական իզգոյ համակարգի հետ:

ԵՊՀ-ի խնդիրները խորքային են, վերջին երկու օրվա իրադարձությունները բացահայտում են դրանցից մի քանիսը: Շատերին թվում է, թե համալսարանին «արտոնություն» է տալիս այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը բուհի խորհրդի նախագահն է: Սակայն այդ հանգամանքը նպաստել է ոչ թե «քաղցր աչքով» վերաբերմունքի ավելացմանը, այլ` ԵՊՀ-ն աքցանների մեջ առնելուն: Սերժ Սարգսյանը կառավարման ավտորիտար մտածողության կրող է և միամիտ կլիներ կարծելը, թե ԵՊՀ-ում նա խթանելու է բազմակարծությունն ու տոլերանտությունը: Ճիշտ հակառակը` Սարգսյանի միջոցով համալսարանը կորցրել է տասնամյակների իր մշակույթը և «ինտեգրվել» է Սերժ Սարգսյանի ավտորիտար մեծ համակարգին:

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար պետք է նվաստացուցիչ լինի, որ Սերժ Սարգսյանը իր հետ կարող է վերաբերվել նույն քամահրանքով` ինչպես դա անում է ՀՀԿ-ի իր ստորադասների հետ: Մայր բուհի ուսանողի մոտ պետք է ձևավորվի իր կարգավիճակից բխող արժանապատվություն, որը նրան սկզբունքորեն կտարբերի Հանրապետականի կոմսոմոլից` թույլ չտալով, որպեսզի երկրի նախագահը կամ իշխանության այլ ներկայացուցիչ հանդգնեն ուսանողի մեջ տեսնել միայն կարիերիստ և անդեմ «բազեականի», ով պատրաստ է ծափահարել պաշտոնյայի ցանկացած անհեթեթության:

Առհասարակ` սկզբունքորեն սխալ, մերժելի է, որ երկրի ղեկավարը նաև ԵՊՀ խորհրդի նախագահն է առնվազն երկու պատճառով: Նախ` ԵՊՀ անգամ ընդհանուր կառավարում իրականացնելը շատ պատասխանատու աշխատանք է, և հաշվի առնելով հանրապետության նախագահի գերծանրաբեռնված օրակարգը` նա համալսարանով չի կարող զբաղվել անգամ «ձեռքի հետ» ռեժիմով: Մյուս կողմից` ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ներկայությունը համալսարանի ծառայամիտ ադմինիստրացիային

հնարավորություն է տալիս` ցանկացած ապօրինություն լեգիտիմացնել նրա անունով, ցանկացած այլակարծություն ներկայացնել որպես Սերժ Սարգսյանի դեմ ուղղված դավադրություն: Ի՞նչ ինքնավարության մասին խոսք կարող է լինել, երբ ԵՊՀ-ն հայտնվել է Սերժ Սարգսյանի և իշխանությունների աքցաններում:

Կամ ի՞նչ է տվել Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ում կրթության որակի բարձրացմանը, երբ խայտառակ ցածր են բարձր որակավորում ունեցող դասախոսների աշխատավարձերը, իսկ ուսանողները եվրոպական չափանիշներով վճարում են անորակ կրթության համար:

ԵՊՀ-ի առանձնահատկությունը միշտ եղել է տեսակետների բազմազանությունը, քաղաքական մտքի դարբնոց լինելը: Ի՞նչ կլիներ 88-ի շարժման հետ, եթե չլիներ ԵՊՀ-ն: Համազգային շարժման երկու առանցքային լիդերները` հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը համալսարանական միջավայրի, 60-ականների ուսանողական շարժման կարկառուն ներկայացուցիչներ են: Տարիների ընթացքում իշխանության որակի անկմանը զուգահեռ

համալսարանը կորցրեց իր համն ու հոտը, դարձավ ավտորիտար համակարգի կցորդ, օլիգարխիկ, «ապերոյական» մտածողության պատանդ: Այսօր Սերժ Սարգսյանի «թշնամի» է հռչակվում ցանկացած դասախոս, որն ունի ազատ մտածողություն, ինքնուրույն դիրքորոշում: Ցանկացած ուսանող «թշնամի» է, եթե չի անցել նժդեհական կոմսոմոլի թրի տակով: Այս քարանձավային մտածողությամբ մայր բուհը հասել է մի հանգրվանի, որ նրա փաստացի չգոյությունն անգամ նկատելի չի լինի երկրում` թե՛ գիտական, թե՛ հանրային կյանքում:

Այս կամ այն խնդրում ԵՊՀ դասախոսական կազմը, ուսանողները կհաջողեն, եթե լուծեն սկզբունքային խնդիրը` համալսարանը դուրս բերեն Սերժ Սարգսյանի, քրեաօլիգարխիայի ճիրաններից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am