Վերաքննիչ դատարանում սկսվեց Մարտի 1-ի գործով Դատախազության բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց Մարտի 1-ի գործի ամբողջ նյութերն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ Դատախազության բողոքի քննությունը:

Ռոբերտ Քոչարյանը, սակայն, նիստին չի մասնակցում:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նախորդ տարի՝ 2019 թվականի ապրիլի 15-ին, Հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդել էին տրամադրել Մարտի 1-ի՝ դեռեւս նախաքննության փուլում գտնվող բուն գործի նյութերը: Մասնավորապես, պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ բուն գործից անջատված մասի նյութերում ներառված են ինչպես 2018-2019, այնպես էլ 2008-2009 թվականներին կատարված քննչական գործողություների արձանագրությունները:

Սակայն, պաշտպանի գնահատմամբ, բուն գործով նյութերը շատ ավելի մեծածավալ են, քան իրենց տրամադրվել է. «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի որոշման մեջ շոշափվում են 2008 թվականի փետրվար-մարտ ամիսների բոլոր կարեւոր իրադարձությունները, եւ պաշտպանության լիարժեք իրականացումը հնարավոր չէ առանց բուն գործի նյութերին ամբողջությամբ ծանոթ լինելու»,- նշել էր պաշտպանը:

Պաշտպանի այս միջնորդությունը ՀՔԾ քննիչ Հրաչ Մուշեղյանը մերժել էր՝ պատճառաբանությամբ, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ անջատված գործին կցված են նրանց մեղսագրվող հանցավոր արարքներն ապացուցող բոլոր փաստաթղթերը:

Քննիչի այս որոշումը պաշտպանը բողոքարկել էր Գլխավոր դատախազություն, որն էլ այն մերժել էր անհիմն լինելու պատճառաբանությամբ, ինչից հետո արդեն որոշումը բողոքարկվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանին ուղղված բողոքում պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ իրենք զրկված են հնարավորությունից՝ իմանալու, թե անջատված գործի նյութերից բացի՝ մեղադրյալներին վերաբերող այլ նյութեր առկա են, թե ոչ, ինչը, ըստ նրա, հանգեցրել է Ռոբերտ Քոչարյանի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի, արդարացի քննության, մեղադրյալի իրավունքների պաշտպանության եւ քրեական դատավարության մրցակցային սկզբունքի խախտմանը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, քննության առնելով բողոքը, 2019 թվականի նոյեմբերի 25-ին բավարարել էր այն՝ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը եւ պարտավորեցնելով քննիչին պաշտպանության կողմին տրամադրել ամբողջ նյութերը: Անդրադառնալով քննիչի այն հավաստմանը, թե անջատված գործին կցված են մեղսագրվող հանցավոր արարքներն ապացուցող բոլոր փաստաթղթերը՝ դատավորը նշել էր, որ թեեւ չի առաջնորդվում անբարեխղճության կանխավարկածով, բայց դա կողմերի գնահատման հարց է, որը չպետք է իրականացվի միայն նախաքննական մարմնի հայեցողությամբ, այսինքն՝ պաշտպանության կողմի գնահատմամբ, գործին չկցված որեւէ տվյալ կարող է էական նշանակություն ունենալ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պահանջվող նյութերը կարող են պարունակել նախաքննական գաղտնիք, դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռման արդյունքում մասնավորի պաշտպանության իրավունքը պետք է ավելի բարձր դիտվի հանրայինից, բայց եթե, այնուհանդերձ, նախաքննական մարմինը գտնում է, որ կան հրապարակման ոչ ենթակա նյութեր եւս, ապա կարող է այդ մասին բողոքաբեր կողմին նախազգուշացնել:

Այս որոշման դեմ էլ Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.