«էս ինչ հողը տալ էսինչ ընկերությանը...»․ տիպի որոշումները պետք է ընդհանրապես բացառել․ վարչապետ Փաշինյան

armtimes.com-ը գրում է. Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկման ներկայացվեց մի նախագիծ, որով առաջարկվում է Բավրայի ու Բագրատաշենի սահմանային անցակետերի մոտ դյութի-ֆրի խանութներ բացելու համար հողեր հատկացնել ռուսական ընկերության հայկական մասնաճյուղին։

Առաջարկի համաձայն՝ այդ տարածքները տրամադրվելու են 49 տարով, իսկ վարձավճարը որոշելու են տարածքը տնօրինող համայնքների ղեկավարները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս ձևակերպումները խորթ թվացին, քանի որ մրցութային ձևաչափ չի լինելու։

«Կառավարության որոշմամբ «էս ինչ հողը տալ էսինչ ընկերությանը»․ տենց որոշումները պետք է ընդհանրապես բացառել մեր իրականության մեջ։ Մենք պետք է ասենք՝ հարգելի հանրություն, էսինչ ընկերությունը մեզ արել է այսպիսի առաջարկ, և էդ առաջարկը մեզ հետաքրքիր է։ Հիմա սահմանել 15-20 օր և ասել՝ ո՞վ ունի ավելի լավ առաջարկ»,- ասաց Փաշինյանը։

Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, մի օր էլ մեկ այլ ընկերություն կարող է հայտարարել, որ նույնպես հավակնում էր այդ հողը վարձակալելուն, ինչո՞ւ են հենց առաջին ընկերությանը տրամադրել։

ՊԵԿ նախագահն ասաց, որ հիմա ունեն 4 ընկերություն, որոնք ունեն նման առաջարկներ, և բոլորի հայտերն էլ նախատեսում են բավարարել։

Վարչապետի առաջարկով՝ նախագիծը հանվեց օրակարգից՝ կարգավորումներ սահմանելու համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com