Արդեն մի քանի օր է՝ մի շարք հայկական եւ ռուսական լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի «Նեվրոզների կլինիկա» հիվանդանոցում իբրեւ անցնում է բուժում:
Այս տեղեկատվության տարածման աղբյուրի որոնումները կանգ են առել ֆեյսբուքյան մի կեղծ օգտատիրոջ վրա՝ Նիկոլայ Տեր-Հալաբյանի, որի էջն ակնհայտ ֆեյք է: Տեղեկությունը փոխառել է «Мастер пера» տելեգրամ-ալիքը, որին էլ հղում անելով այլ լրատվամիջոցներ՝ մասնավորապես՝ ռուսական «Новые ведомости» եւ հայկական «News.am», «Aysor.am» լրատվական կայքերը, տեղադրել են իրենց մոտ:
Инфотека24 կայքը կապվել է հիշյալ կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանի հետ՝ այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ իրենց ընտանիքի անդամներից որեւէ մեկը երբեւէ չեն դիմել ինձ կամ կլինիկա՝ մասնագիտական օգնության համար»,- հայտարարել է Հակոբյանը: Բացի այդ՝ տնօրենը նշել է, որ ինքը Հայաստանում չի էլ գտնվում:
Նրա խոսքերով՝ լրատվական կայքերում եւ սոցիալական ցանցերում արագորեն տարածվող լուրը նենգ սուտ է եւ զրպարտություն:
Կայքը նշում է, որ ակնհայտ է՝ լրատվական դաշտ նետված այս դեզինֆորմացիան երկրի գործող ղեկավարի դեմ նպատակաուղղված հակահեղափոխական արշավի մի մասն է, եւ նման փորձեր բազմիցս են եղել: Ըստ լրատվամիջոցի՝ ավելի վաղ էլ նշվել է, որ Փաշինյանի դեմ ուղղված տեղեկատվական արշավի հետեւում կանգնած են հին իշխանության ներկայացուցիչները, որոնց տիրապետության տակ են մի շարք տեղեկատվական հարթակներ, այդ թվում՝ հիշյալ կայքերը:
Инфотека24 կայքը տեղադրել է նաեւ Ցոլակ Հակոբյանի հետ ունեցած հեռախոսազրույցն ամբողջությամբ:
Մանրամասները՝ Տեսանյութում