Ինչու դուք չեք ապահովում ԱԺ բնականոն գործունեությունը՝ կապված այն իրավիճակի հետ, որ ԱԺ մեկ քառորդի կողմից ստորագրություններ են հավաքվել, բայց իրավունքի ուժով ձեւավորված հանձնաժողովը չի կարող գործել: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«Այդ հանձնաժողովը, փաստորեն չունի կազմ: Խորհրդարանի ցանկացած հանձնաժողով եթե չի գործում, նշանակում է ԱԺ ինչ-որ մարմին չի գործում: Եթե ինչ-որ մարմին չի խորրծում, նշանակում է խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Ի՞նչն է պատճառը, պարոն Միրզոյան, ինչո՞վ ձեզ օգնենք»,-ասաց Մարուքյանը:
Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Հարգելի պարոն Էդմոն Մարուքյան, ես ձեր օգնության կարիքը բնավ չունեմ: Կարծում եմ՝ որպես փորձված իրավաբան, դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահը այդ քննարկվող հարցի առնչությամբ ինչ պարտավոր էր եւ կարող էր անել, արել է: Մնացյալը, հանձնաժողովի թիվը հաստատելու ԱԺ որոշման նախագիծը քվեարկվում է ԱԺ լիագումար նիստի ընթացքում: Պատգամավորները ազատ են իրենց գործունեության մեջ, կարող են քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ, կարող են չքվեարկել: Մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության որեւէ արդյունքի մեջ, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը: Ես ձեզ խորհուրդ կտայի, եթե դուք օգնություն եք առաջարկում, դիմել այլ իրավաբանների օգնությանը»:
Մարուքյանի դիտարկմանը, որ ստացվում է, որ ԱԺ նախագահը ցանկացել է, որ այդ հանձնաժողովը ձեւավորվի, բայց պատգամավորներն ազատ են քվեարկել. «Չնայած, որ ձեր խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու, հետո որոշեցին չքվեարկել: Իսկ երեկ էլ պարզվեց, որ քաղաքական որոշման արդյունքում եք դա տապալել»: Արարտ Միրզոյանն արձագանքեց, որ այստեղ գործ ունենք իրավական գործընթացի հետ:
Մանրամասները armtimes.com-ի Տեսանյութում