Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ երեկոյան ընդունել է ուսանողության ներկայացուցիչներին: Սա, այսպես ասենք, նախարարի պատասխանն է երեկ մեկնարկած դասադուլին, սակայն պատասխանը, մեղմ ասած, այնքան էլ համարժեք չի ստացվել, որովհետև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները չեն մասնակցել հանդիպմանը:
Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ցավալի է, բայց այսօր «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին: Չնայած այն հանգամանքին, որ այլ բուհերի
ուսխորհուրդներից հրավիրվել էին երկու ներկայացուցիչներ, իսկ իրենց խմբից համաձայնեցինք ընդունել չորս ներկայացուցչի, նրանք, միևնույն է, երկար մտածելուց հետո հրաժարվեցին»:
Արտաքուստ տպավորություն է ստեղծվում, որ ուսանողական ցույցերի կազմակերպիչները երկխոսությունից խույս են տվել, համենայնդեպս՝ նման պատկեր է ներկայացնում ՊՆ ներկայացուցիչը: Ամբողջ խնդիրն այն է, որ Վիգեն Սարգսյանի երեկվա հանդիպման ձևաչափը չէր ենթադրում տարկետման հարցի բովանդակային քննարկում, այլապես պաշտպանության նախարարը կնախընտրեր «Հանուն գիտության զարգացման»
նախաձեռնության հետ առանձին հանդիպում և ոչ թե դասադուլի կազմակերպիչներին կհրավիրեր մի լսարան, որը բաղկացած է բացառապես իշխանության «կոմսոմոլներից»՝ ուսխորհուրդների ներկայացուցիչներից:
Վիգեն Սարգսյանի տակտիկան առավել քան հասկանալի է եղել. այս պարագայում նա փորձել է պատրանք ստեղծել, թե վեճը ուսանողության մեծամասնության ու փոքրամասնության միջև է, որովհետև կասկածից վեր է՝ եթե «ըմբոստ» ուսանողները երեկ ներկայանային ՊՆ, ապա իշխանության կոմսոմոլներն իրար ու Վիգեն Սարգսյանին հերթ չտալով՝ գովերգելու էին պաշտպանության նախարարի «հայրենասիրական» նախաձեռնությունը: Ուսանողական շարժման ղեկավարներն այնքան խոհեմ են գտնվել, որ հրաժարվել են մասնակցել Վիգեն Սարգսյանի PR-ին, և սա բնավ չի նշանակում, որ նրանք մերժում են երկխոսության կամ բանակցությունների ճանապարհը:
Ստեղծված իրավիճակում ավելի շատ զարմացնում է Վիգեն Սարգսյանի վարքագիծը: Այսօր հենց նա է ուսանողական հուզումների հիմնական թիրախը, սակայն իրավիճակն արմատապես կարող է փոխվել, եթե նախարարը փորձի իրական երկխոսության գնալ ուսանողական շարժման հետ: Ի վերջո, խաղադրույքի վրա ոչ այնքան կոնկրետ նախագիծը ու տարկետման խնդիրն է, այլ Վիգեն Սարգսյանի քաղաքական հեռանկարը, որը ավելի մշուշոտ է դառնում նրա հրապարակային՝ իրար հաջորդող սխալների պատճառով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am