ԱԺ-ն այսօր դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցին»:
Մինչ քվեարկությունը հնչեցին վարման կարգով ելույթներ: Խմբակցության ղեկավար Էդմոն մարուքյանն ասաց.
«Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը, հույս ունեմ, որ վերաիմաստավորել եք երեկվա որոշումը գիշերվա ընթացքում, և չեք տապալի հանձնաժողովի ձևավորումը, որովհետև դա վատ նախադեպ է ստեղծելու խորհրդարանական Հայաստան ունենալու մեր բռնած ճանապարհին, և դա լուրջ քաղաքական հետընթաց կարող է ապահովել»:
«Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց նախագծին կողմ լինելու մասին, արտահայտվեց Նաիրա Զոհարբյանը՝ ասելով.
«Ես միանում եմ իմ գործընկերոջ հայտնած տեսակետին, թույլ տվեք, որ ստեղծվի հանձնաժողով, ի վերջո դուք վատ վիճակի մեջ եք դնում ձեր քաղաքապետին, ով լավ իրավախորհրդատուներ ունի և ինձ ուղղորդել էր «ԿամԱզ-գեյթի» հետ կապված բոլոր հարցերն ուղղել ԱԺ-ում ստեղծված հանձնաժողով, կոչ եմ անում կողմ քվեարկել, ի վերջո դուք ունենալու եք այդ հանձնաժողովում մեծամասնություն, կարողանալու եք ձեր տեսակետը հնչեցնել և փարատել կասկածները, որ կան՝ «ԿամԱզ-գեյթի» էպոպեայի հետ կապված»:
Մանրամասները SHANT NEWS-ի Տեսանյութում