ԲՀԿ-ական չորս պատգամավորներ հեռացվեցին մինչեւ այս օրվա ավարտը կայանալիք նիստերից

armtimes.com-ը գրում է. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական միջոց կիրառեց ԲՀԿ-ական պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ։

Նրանք ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հեռացվեցին մինչեւ այս օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ այդ ընթացքում զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։

ԱԺ նախագահը կարգադրիչներին խնդրեց ապահովել կարգապահական միջոցի կատարումը։

Հիշեցնենք՝ քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը օրինագծի հրապարակման հենց առաջին օրվանից դեմ է արտահայտվել ու անհասկանալի համարել առաջարկվող կարգավորումը, այսօր ԱԺ-ում այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։

Պետրոսյանը, մասնավորապես, ասաց, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրության սկզբունքից։ Նա դժվարանում է հասկանալ, թե ինչու է կառավարությունն այս պայքարը գերակայություն հռչակել, որովհետեւ իր համար անորոշ պայքար է։

«Էդ գողական աշխարհը ես չգիտեմ՝ ինչ է նշանակում, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել»,- ասաց ԲՀԿ-ականը՝ ապա արդարադատության նախարարին դիմելով՝ ասաց՝ մի խորհուրդ է ուզում տալ․

«Էդ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեիք»։

Ըստ ամենայնի՝ հենց այս նախադասությունը բարկացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

Նա իր ելույթում ասաց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պիտի ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, իր ձեւակերպմամբ, «այս խայտառակ պահվածքի համար»։ Բաբաջանյանն ԱԺ նախագահին կոչ արեց, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին։ Պատգամավորի ելույթի ժամանակ ԲՀԿ-ականները տեղից ռեպլիկներ արեցին, Բաբաջանյանն էլ բարձր տոնով գոչեց՝ «Լռե՛ք, երբ ես խոսում եմ»։

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.