80-ն անց կինը 2019 թ․-ի Բենթլի է փորձել ներմուծել՝ առանց մաքսատուրք վճարելու․ ՊԵԿ

Հայրենադարձողների համար նախատեսված արտոնությունները չարաշահելու փորձերին Մաքսային ծառայությունը խիստ է արձագանքելու:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Օրինակ՝ վերջերս, ըստ փաստաթղթերի, մի տարեց կին՝ 80-անց տատիկ, Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում և իր հետ 2019 թվականի արտադրության «Bentley» էր բերում:

Նա լիազորել էր երկու երիտասարդների, որպեսզի զբաղվեն իր հարցերով: Ասեմ, որ արտոնությունները չարաշահել փորձողների նկատմամբ վարչարարությունը խիստ է լինելու: Եթե մեզ չեն խաբում, մենք Հայաստան վերադարձող քաղաքացիների կողքին ենք առավելագույն ձևով»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել Հայաստան մշտական բնակության վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից ազատելու օրենքի նախագիծ: Այն ավելի է դյուրացնում օրենքով ներկայում գործող պայմանները: Նոր նախաձեռնությամբ Սփյուռքի մեր հայրենակիցներ, անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի են, թե ոչ, ՀՀ-ում ունեն հաշվառում, թե ոչ, եթե փաստացի 3 տարի չեն ապրել Հայաստանում և ցանկանում են մշտական բնակություն հաստատել Հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող են ներկրել իրենց անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ և այլն: Նրանք կարող են բերել նաև առնվազն 6 ամիս իրենց պատկանող մեկ ավտոմեքենա:

Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.