ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրել «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Մասնավորապես, կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ազատեց ներմուծման մաքսատուրքից:
Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ով նշեց, որ այս ընկերությունն արդեն օգտվում էր նման արտոնությունից, այժմ փոփոխություն է կատարվում նախկինում ընդունված որոշման մեջ:
Նախագծով առաջարկվում է ապրանքների արժեքն ավելացնել 1.6 մլրդ դրամով, որի արդյունքում ներդրումային ծավալը կազմելու է 3.3 մլրդ դրամ:
Ընկերությունն առաջին արտոնությունը ստացել է 2019 թվականին: Այն զբաղվում է ձիթապտղի վերամշակմամբ եւ արտադրությամբ Կոտայքի մարզում:
«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերությունը գործում է 2002 թվականից։ Ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք՝ ձիթապտղի վերամշակման եւ արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:
Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության՝ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ եւ իրականացվել 25 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում:
Փոխնախարարը նշեց, որ մաքսատուրքի արտոնությունը կազմելու է 431.5 մլն դրամ, որից բյուջե մուտք չի լինելու 5,2 մլն դրամ: Նրա խոսքով՝ ընկերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան լինելու են ԵՏՄ երկրները, սակայն նա փորձելու է նաեւ արտահանել երրորդ երկրներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում ձիթապտուղ աճեցնելու փորձեր արդեն կան, բայց դեռեւս չի կարծում, որ արդյունաբերական ծավալների կարող ենք աճեցնել:
Մանրամասները՝ Տեսանյութում