«Կոշիկի տուփ տվեցին կտրտած օրգաններով, ասացին…». երեխայից զրկված մայր.

Ապօրինի որդեգրման գործով իրենց երեխաներին կորցրած մայրերը Գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց ակցիայի նպատակն է, որպեսզի կալանավորեն Ռազմիկ Աբրահամյանին։ Նա նկատեց՝ բազմաթիվ փաստեր են ներկայացրել։

«Սեպտեմբերի 24-ին առևանգել են իմ երեխային, մինչ օրս ոչ մի տեղեկություն չունեմ՝ որտեղ է իմ երեխան։ Քննություն է ընթանում, բայց ոչ մի բան էլ էդպես չի պարզվում, ոչ մի օղակ իր տեղում չէ»,- ասաց երեխայից զրկված մայրը։

Մեր այն հարցին, երբ եկան և ասացին, որ Ձեր երեխան մահացել է, դրանից հետո Ռազմիկ Աբրահամյանն ի՞նչ դերակատարություն է ունցել, պատասխանեց․ «Ռազմիկ Աբրահամյանը ներկա է եղել ծննդաբերության ամբողջ ընթացքին։ Փորձել է կաշառել՝ 1 մլն դրամ գումար է առաջարկել, ու երեխայից մինչև այսօր ոչ մի լուր չկա, բացի իրենց ստահոդ խոսքերից, ոչ մի ապացույց չկա, որ իմ էրեխան մահացել է։ Ու չգիտես՝ ինչու նա ազատության մեջ է»։

Երեխային կորցրած ծնողներից Նաիրա Այվազյանը նշեց, որ իր դեպքը տեղի է ունեցել է 2017 թվականի ապրիլի 2-ին։ «Հանրապետական հիվանդանոցում ունեցել եմ տղա երեխա, ինձ խաբելով ասել են, որ երեխաս մահացել է։ Իմ երեխայի մարմինը չեն տվել, ինձ տվել են մի հատ կոշիկի տուփ՝ ասելով, որ այդտեղ երեխայի մարմինն է կտրտված»,- պատմեց Նաիրան։

Մանրամասները  factor.am-ի տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.