ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրում տեղի ունեցածն իր համար հեղափոխությո՞ւն էր, թե՞ իշխանափոխություն։
Նրա խոսքով՝ մարդկանց մոտ կար փոփոխության պահանջ, հետո նաեւ խոստումների կատարման սպասում. «Գրեթե ամեն օր համացանցը հեղեղվում է նյութերով, թե ինչ են խոստացել ու ինչ կա փաստացի։ Այդ խոստումները, որ եղան, հիմա հասկանում ենք, որ սուտ էին, պազապես մարդիկ իրենց նպատակին հասնելու համար խաբեցին ժողովրդին եւ դա առավել քան ապացուցված է։ Թե դատական ոլորտը, թե տնտեսական, թե արտաքին քաղաքականության հետ կապված։ մարդիկ մեկ օրվա մեջ իրենց հայացքներն արմատապես փոխեցին»։
Լեւոն Քոչարյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Միլանում հնչեցրած հայտարարությանը. «Վարչապետը հայտարարեց՝ 1996 թվականից բոլոր ղեկավարները չարիք են։ Այսինքն, եթե չարիք էր՝ դու 2008–ին եկել էիր ուզում էիր չարիքին նախագահ դարձնե՞լ։ Ինչի՞ համար։
Հայտարարում է Արցախը Հայաստան է եւ վերջ, մինչեւ հիմա այդ ասածի տակից չեն կարողանում դուրս գալ։ Նա փաստորեն 2008–ին ուզում էր մի մարդու դարձնել նախագահ, որը բոլորս գիտենք ինչ դիրքորոշում ուներ նույն Արցախի հետ կապված ու հիմա հայտարարում է ուրիշ բաներ։ Այնքան հակասություններ կան, այսինքն՝ դու ե՞րբ էիր ճիշտ այն ժամանակ, թե՞ հիմա»։
Լեւոն Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը բացառիկ շանս ուներ, որն արդեն կորցրել է. «Մտածում էիր՝ կարող է այս մարդիկ իրոք ուզում են ինչ-որ լավ բան արած լինեն, համախմբեն ազգը ինչ-որ նպատակի շուրջ, բոլորի ներուժը ներդնեն երկրի զարգացման ուղղությամբ… Ինձ թվում է այդ բացառիկ շանսն ինքը կորցրել է:
Մի կողմից կար այն մտածմունքը, որ գուցե այն մարդը չէ, ինչպես որ իրեն գիտեինք, նկատի ունենալով նրա հետ կապված մեր փորձը, իր գործելաոճը, մեր մասին այդ ամբողջ կեղտը, բայց տեսանք, որ չէ, ներքին այդ բարդույթները, հիվանդագին այդ մոլուցքը մեզ հետ կապված, տեսանք, որ նա չկարողացավ ձերբազատվել այդ ամենից»։
Երկրորդ նախագահի որդու խոսքով՝ «Մարտի 1» –ի գործի հետ կապված, իրենց տարբեր խողովակներով փոխանցել են, որպեսզի Հայաստան չգան, այլապես կձերբակալեն։
«Ես հորս հետ դրսում հանգստանում էի եւ տարբեր խողովակներով հասկացնում էին, որ պետք չէ հետ գալ, հասկացնում էին, որ գա՝ միանշանակ կբռնեն, կձերբակալեն, մենք էլ ասում էինք՝ խնդրեմ»,– ասել է Լեւոն Քոչարյանը։
Մանրամասները 168. am-ի Տեսանյութում