MediaNews-ը գրում է. Մոսկվան և Երևանը Սու-30ՍՄ չորս բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռք բերման գործարք են կնքել, որոնք ՀՀ Զինված ուժերը կստանան 2020-ին։ Ինչպես գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, ինքնաթիռները վաճառվել են ներռուսաստնյան, այլ ոչ թե արտահանման գներով։
Ի՞նչ է նշանակում Սու-30ՍՄ կործանիչների գնումը Հայաստանի համար, ի՞նչ առավելություններ է տալիս՝ այս հարցերին ՍիվիլՆեթի հետ զրույցում պատասխանում է ռազմական վերլուծաբան, Հետազոտությունների և զարգացման հայկական ինստիտուտի պաշտպանական հետազոտությունների վարչության ղեկավար Լեոնիդ Ներսիսյանը։ Հարցազրույցը տեղի է ունեցել 2019թ․ փետրվարի 1-ին։
— Ինչպե՞ս եք գնահատում այս գործարքը, արդյոք այն կարելի՞ է նշանակալի անվանել։
— Այս գործարքը շատ հետաքրքիր է, քանի որ ձեռք է բերվում սպառազինությունների շատ արդի համակարգ։ Խոսքը ծանր, բազմաֆունկցիոնալ կործանիչների մասին է։ Եվ, ըստ ամենայնի, դրանց արժեքը շատ գրավիչ է և ակնհայտորեն ավելի ցածր, քան մյուս երկրների համար է։ Դա կրկին անգամ գալիս է ապացուցելու, որ Հայաստանը վերջին տարիներին շեշտադրում է արդի սպառազինությունների, ոչ թե միայն խորհրդային տեխնիկայի գնումը։
— Ի՞նչ կոնկրետ առավելություններ է դա տալիս ՀՀ Զինված ուժերին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից։
— Քանի որ համակարգը բազմաֆունկցիոնալ է, թույլ է տալիս իրականացնել ինչպես պաշտպանական գործողություններ՝ հակաօդային պաշտպանության գործառույթներ, պայքար հակառակորդի ավիացիայի դեմ, այնպես էլ հարձակողական գործողություններ՝ օդում գերիշխանության նվաճում, հակառակորդի ցամաքային թիրախների դեմ գերճշգրիտ հարվածների իրականացում, այսինքն խնդիրների շատ լայն շրջանակ է կատարում։
Ընդ որում, Սու-30ՍՄ-ի համար հրթիռային արդի սպառազինության գնման դեպքում խնդիրները կարելի է լուծել շատ մեծ հեռավորություններից և չմտնել հակառակորդի հակաօդային պաշտպանության գոտի։ Կարևոր է այն հանգամանքը, որ հակառակորդը դեռ այս մակարդակի ավիացիա չունի։
Մանրամասները MediaNews-ի Տեսանյութում