Ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել եմ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
Հիշեցնենք, որ խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 23-ին: Հովհաննես Չեքիջյանը 5 տարեկանից նվագել է դաշնամուր: Սովորել է ծննդավայրի Մխիթարյան և ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում, 1951 թ.-ին ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961 թ.-ին՝ ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում: Չեքիջյանը 1944–51 թթ.-ին ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբեր:
1947 թ.-ին նա առաջին անգամ ղեկավարեց սիմֆոնիկ նվագախումբ, 1957–61 թթ.-ին՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958–61 թթ-ին՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: 1961 թ.-ին Չեքիջյանը տեղափոխվել է և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի (1969 թ.-ից՝ ակադեմիական, 1975 թ.-ին արժանացել է վաստակավորի կոչման) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Առաջին իսկ ելույթներից ի հայտ է եկել երիտասարդ դիրիժորի ինքնատիպ արվեստը:
1962 թ.-ին երգչախմբի հետ մենահամերգով հանդես է եկել Գոհար Գասպարյանը: Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982–87 թթ.-ին Չեքիջյանը միաժամանակ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր: 1975 թ.-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1982 թ.-ից՝ պրոֆեսոր):
Մանրամասները Տեսանյութում