«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում լարված իրավիճակ է: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին ցույց տվեցին ցանկապատը կառուցելու շինթույլտվությունը: Ինչից հետո նա հայտարարեց, որ այն քաղաքաշինական նորմերին հակասող է:
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործունեությունը խոչընդոտելու մասին է խոսքը: Երբ քաղաքի ավագանին, քաղաքապետը գնում է դրան, հասկանում ես, որ նա արդեն քոնը չէ, դուք մերը չեք, հասկանում ե՞ք»,- ասաց Բլեյանը՝ դիմելով այդտեղ ժամանած ավագանու անդամին:
Ապա Բլեյանը և ծնողները նստեցին այնտեղ, որտեղ ոստիկանական պատն է, իսկ ոստիկանության աշխատակիցները պահանջում էին, որ նրանք իրենց նստացույցն անեն ոստիկանական պատից այն կողմ, քանի որ այդտեղ շինարարություն է ընթանալու:
Ոստիկաններից մեկը սպառնաց ձերբակալությամբ, ինչը դուր չեկավ Բլեյանին: «Դու Բլեյան Աշոտի հետ ձերբակալության սպառնալիքով չխոսես»:
Նրանք շարունակեցին մնալ իրենց տեղում, իսկ Ոստիկանության աշխատակիցները հայտարարեցին, որ նրանց տրվում է ողջամիտ ժամկետ այդտեղից գնալու համար, այլապես ոստիկանությունը կդիմի հատուկ միջոցների:
«Նոր բերեցին «գծագիր» կոչվածը, որ քաղաքապետարանի կայքից բացակայում էր: Դրանով մեր սովորողները տեղաշարժից զրկվում են: Չկա այդպիսի քաղաքապետ, որ կարողանա արգելել մեր ճանապարհը, և չկա այդպիսի օրինական որոշում, որովհետև դա իմ սովորողների իրավունքների դեմ է»,- հայտարարեց նա:
Աշոտ Բլեյանը նշեց, որ քաղաքապետի գործողությունները բողոքարկված են: «Քաղաքապետից պահանջել ենք կասեցնել որոշումը, նա համաձայնել է, և ավագանին տեղյակ է դրա մասին, պետք է քննարկում լինի, իշխանությունը պետք է բացատրի, թե ինչու է գաղութի վերածում մեր բնակավայրը»,- նշեց նա:
Բլեյանն ընդգծեց, որ եթե պետք լինի, իրենք փողոց դուրս կգան: «Չնայած արդեն դուրս ենք եկել, այս իշխանությունն էլ է փողոցով եկել: Կներե՛ք, բայց ուրեմն մենք էլի իրար դեմ ենք, ուրեմն դուք նախկին ռեժիմն եք, շարունակում եք նույնը, մենք ապահովում ենք մեր բոլոր երեխաների, բնակիչների ազատությունը, և ոչ մի ոստիկանություն, սպառնալիքը պահեք ձեզ, էդ էր պակաս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ավելի վաղ գրառում էր արել, որում ասվում է. «Այսքանից հետո, շաբաթ օրով, տոնի նախօրյակին կրթական պարտեզում նորից ուզում են ապօրինի վերսկսել թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը։ Մենք նորից կստեղծենք կենդանի պատնեշ, կպաշտպանենք մեր իրավունքները»:
Ոստիկանության լրատվության վարչությունից հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանության ծառայողները ներկայացել այդ տարածք, հայտնեցին. «Նշված շենքի հարակից տարածքից ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ գրություն է ստացել և այդ նպատակով այցելել է նշված վայր»:
Մանրամասները Tert.am-ի Տեսանյութում