«31 տարի առաջ հանրապետական ծննդատնից վաճառված Լ. Մ.-ն երեկ Գերմանիայից Հայաստան է վերադարձել». aravot.am

Հանրապետական կլինիկական ծննդատանը 1988 թվականին ծնված Լ.Մ.-ն հենց ծննդատնից վաճառվել է երկար տարիներ երեխա չունեցող ամուսիններին: Երեխայի կենսաբանական մորն ասել են՝ երեխան մահացած է ծնվել: Այս մասին Aravot.am-ին պատմեց Լ. Մ.-ի հորեղբոր որդին: Ըստ նրա՝1988-ին Ռազմիկ Աբրահամյանը հանրապետական ծննդատան գլխավոր բժիշկն է եղել:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Ըստ Ռազմիկ Աբրահամյանի կենսագրական տվյալների՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը 1975 թվականին նշանակվել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, իսկ 1988 թվականին նշանակվել է իր կողմից վերոհիշյալ բաժանմունքի բազայի վրա հիմնադրած Հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ:

«Լ. Մ.-ի կենսաբանական մորն ասել են, որ իր երեխան մահացած է ծնվել, այդ կինն արդեն չորս աղջիկ ուներ, Լ. Մ.-ն նրա 5-րդ աղջիկն էր, ամուսինը չէր ցանկանում 5-րդ աղջկան. այդ կնոջ ամուսինը, սկեսուր, սկեսրայրը չեն ցանկացել այդ երեխային եւ ծննդատան բժիշկներին ասել են՝ կասեք՝ երեխան մահացած է ծնվել, այդպես էլ արել են»,- մեզ հետ զրույցում պատմեց Հարութ Ֆարիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով, իր հորեղբոր կինը հանրապետական ծննդատանը ձեւակերպվել է որպես հղի, փաստաթղթերով ձեւակերպել են ծննդաբերություն. «Ապրանք չէին գնում էլի խանութից, ի վերջո, երեխա էր, ոնց եք պատկերացնում, որ ծննդատան գլխավոր բժիշկը տեղյակ չլիներ այդ ամենից:

Հորեղբորս կինը այն ժամանակ պառկում է հիվանդանոց, ձեւակերպում են, որ հղի է, այնպես են ներկայացնում, որ Լ. Մ.-ն հորեղբորս կնոջ երեխան է, փաստաթղթերով ամեն ինչով ու այդ ամենը գումարով, միայն չեմ կարող ասել՝ ինչքան գումար են վճարել երեխայի համար»:

Հարութ Ֆարիսյանի հորեղբայրն ու հորեղբոր կինը մահացել են տարիներ առաջ, իսկ Լ. Մ.-ն Գերմանիայից նախօրեին է վերադարձել Հայաստան: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Աղբյուրը՝ aravot.am

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.