ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, ավարտվել են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի քննարկումներն ու քվեարկությունը: Պալատը 230 կողմ եւ 198 դեմ ձայների հարաբերակցությամբ իմփիչմենտի ենթարկեց նախագահին:
Նշենք, որ ավելի վաղ նշված 6 ժամվա փոխարեն քննարկումները տեւել են գրեթե 13 ժամ։
Այսպիսով Էնդրյու Ջոնսոնից եւ Բիլ Քլինթոնից հետո ԱՄՆ-ի պատմության մեջ Թրամփը դարձավ 3-րդ նախագահը, որի վերաբերյալ օրենսդիրը նմանատիպ որոշում է կայացնում։
Պալատում քվեարկել են պաշտոնանկության առաջին հոդվածով, կողմ է եղել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ, հանրապետական կոնգրեսականները դեմ են քվեարկել: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել:
Իմփիչմենտի հետագա ճակատագիրը որոշվելու է ԱՄՆ-ի կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, որտեղ կա՛մ 50+1 ձայներով կչեղարկվի Ներկայացուցիչների պալատի որոշումը, կա՛մ էլ Սենատի անդամների 2/3-ի ձայներով Թրամփը կհեռացվի Սպիտակ տնից: Ենթադրվում է, որ Սենատը կարող է կիրառել առաջին տարբերակը, որովհետեւ այնտեղ գերիշխում են հանրապետական սենատորները:
Թրամփը դարձյալ հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքները, որոնք խաբեբայություն են, հորինվածք:
Սենատում իմփիչմենթի գործընթացը կքննարկվի հունվարին: Թրամփը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է, մտադիր է 2020 թվականի նախագահական ընտրություններում վերընտրվել երկրորդ ժամկետով:
Հիշեցնենք՝ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու եւ իշխանության չարաշահման համար ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործով նրան 2 մեղադրանք են ներկայացրել։
Նշվում է, որ նախագահը մեղադրվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա ճնշումներ գործելու մեջ՝ նրա միջոցով իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենին վնաս հասցնելու եւ նրա որդու նկատմամբ գործ հարուցելու համար: