Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 18-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը դատավորին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստը շարունակվում է։Դեկտեմբերի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Ինքնաբացարկի հիմք են դարձել դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.