Եթե ձեզ թվում է, որ դուք մեր ելույթները պետք է գրաքննեք, հասկանաք՝ ինչքանո՞վ է թեմայի հետ կապված, ինչքանով՝ ոչ, ըստ դրա էլ մեր խոսքը սահմանափակեք, տենց երեւույթ չի եղել ոչ ԱԺ-ում՝ հանրապետականների ժամանակ, ոչ Երեւանի ավագանիում՝ հանրապետականների ժամանակ, ու չի լինի Երեւանի ավագանիում նաեւ այսուհետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երեւանի ավագանու նիստին՝ իր արտահերթ ելույթում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Հիշեցնենք, որ Խաժակյանի խոսքից առաջ ելույթ էր ունենում նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ում խոսափողը, քաղաքապետի հրահանգով, անջատեց քաղաքապետի տեղակալը՝ պատճառաբանելով, որ ավագանու անդամը բուն ելույթից շեղվում է, որը կանոնակարգի կոպտագույն խախտում է։
«Հիշեցնում եմ ձեզ «Երկիր ծիրանիի» օրինակը, որը ամենաօրինակելի եւ ցանկալի ընդդիմությունը չէր, բայց Տարոն Մարգարյանն այդտեղ նստած չէր սահմանափակում նրանց խոսքն այն պնդումով, որ ելույթից շեղվեց։
Պարոն Համբարձումյան, այդ ձեր մեկնաբանությունները ձեզ պահեք, որեւէ մեկը եթե հաջորդ անգամ փորձի մեր խոսափողն անջատել՝ այդ պատրվակով՝ մեզնից չնեղանաք։ Դուք ավելի լավ է, մտածեք քաղաքապետի արձակուրդի կարգադրությունը ինչպե՞ս եք մի հատ ամսի 4-ին փոխել, հետո էլի իր գալուց հետո փոխել։ Մտածեք՝ իրավապահներին ինչպե՞ս եք դրա պատասխանը տալու։ Էդ ձեր մեկնաբանությունները, էդ որ թուղթ եք կեղծում, որը ես կապացուցեմ, լիազորությունների անցնելու թղթեր եք գրում, այդ ամենը ինչ դուք անում եք, դա մեր նկատմամբ մի կիրառեք։ Այն ինչը ես բարձրաձայնում եմ՝ Դատախազությունը դրանով անդրադառնալու է, եթե ոչ այսօր, ապա վաղը»,- ասաց Խաժակյանը։
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նշեց, որ հասկանում է, թե «Լույս» խմբակցության անդամներն ինչ հաճույքով են հիշում ՀՀԿ-ի ժամանակաշրջանը․ «Ձեզ շատ կոմֆորտ էիք ձեզ զգում»։
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ այսպես արձագանքեց․ «Որ դեռ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ հլը․․․ դուք նկարվում էիք Հանրապետականի պատվերով»։
Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում