Նուբարաշենի Մասիս Ա թաղամասի բնակիչներն արդեն մեկ շաբաթից ավել է ջուր չունեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնել են, թե 900 հազար դրամի պարտք է կուտակվել, մինչև չվճարեն՝ ջուր չեն մատակարարի։ Իսկ պարտքը կուտակվել է այդ տարածքի կենտրոնական ջրաչափի գլխավոր բաժանորդ ձևակերպված, նույն թաղամասի բնակիչ Սուսաննա Մակարյանի անունով։
Մնացյալ բնակիչներին ընկերությունից ասել են, թե իրենք ենթաբաժանորդ են հանդիսանում և գումարի խնդիրը կապված է ոչ թե նրանց, այլ Սուսաննա Մակարյանի հետ։ Մինչդեռ վերջինս պնդում է, որ ջրագծի աշխատանքը պարբերաբար խաթարվում է, վթարներ են լինում և ամիսներ շարունակ անկախ ջրի կորստից՝ ջրաչափն աշխատում է։
«Գլավնի շյոտչիկը անկապ ֆռում ա իրանց պատճառով, որովհետև վթարներ են լինում, գլխավոր խողովակը պայթում ա , ջուրն էլ անկապ գնում ա, երբ իրանց ասում ենք՝ եկեք սարքեք, մեզ պատասխանում են, թե մենք գործ չունենք։
Երկու շաբաթ առաջ էլ եկան ասեցին իբր թե վթարը վերացրել են, բայց էսքան ժամանակ էդ հաշվիչը աշխատել ա չէ, մենք ինչի պիտի իրանց մեղքով էդքան փող տանենք վճարենք, ես չունեմ էլ, որ վճարեմ։ Երբ էն ժամանակ եկան հարցրին, թե ում անունով պիտի գլխավոր ջրաչափը սարքեն՝ մենք հարևաններով պայմանավորվեցինք, որ իմ անունով ա լինելու, բայց հիմա իմ հարևանների հետ ինձ սարքում են թշնամի, որովհետև ես ոչ ստորագրել եմ, ոչ էլ համաձայնել եմ, որ մյուսները դառնան ենթաբաժանորդ»,- ասաց Սուսաննա Մակարյանը։
Հարևանները հաստատեցին Սուսաննայի խոսքերն ու իրենց հերթին հավելեցին, որ խնդիրը ծագել է դեռևս 2014թ-ից և իրենք պարբերաբար դարձել են «Վեոլիա Ջուր» ընկերության կամակատարությունների ու խաբեության զոհը, որովհետև այս ամենին զուգահեռ իրենք պարտաճանաչ կերպով վճարել են իրենց բնակարաններում տեղադրված ջրաչափերի գումարը՝ չիմանալով անգամ, որ իրենք ձևակերպված են որպես ենթաբաժանորդ։
Բնակիչները նշում են, որ թաղամասում մանկահասակ երեխաները շատ են և այս ընթացքում կենցաղային խնդիրները լուծելու համար ստիպված են լինում շշերով կամ դույլերով իրենց աշխատավայրերից ջուր բերել։
Մանրամասները 1in TV-ի Տեսանյութում