Այլ բառերով չեմ կարող անվանել, Պոտենցիալ դավաճաններ. Բադասյանը՝ «ինքնիշխանությունը հանձնող ՀՀԿ-ականներին» 1in.am

Խորհրդարանում ՀՀ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով՝ փորձում

էին ներկաներին և հանրությանն ապացուցել, որ Ռուսաստանի հետ միացյալ զորախումբ ունենալն այլընտրանք չունի։ Ընդ որում՝ ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչները դիմում էին նաև մանիպուլյատիվ միջոցների՝ այդ կերպ փորձելով հիմնավորել համաձայնագրի «շահեկանությունը» և «միակ փրկությունը» Հայաստանի համար։ Մասնավորպես, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Մենք պետք է լինենք որևէ բլոկի անդամ և ընտրել ենք ՀԱՊԿ-ը։ Դրա այլընտրանքը Թուրքիան է, որտեղ մենք անելիք չունենք»։

Ազատամարտիկ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հարցը պետք է դիտարկել այլ հարթության վրա և ոչ մի դեպքում չվախեցնել հանրությանը Թուրքիայով. «Օրինակ՝ ո՞ր բլոկի անդամ է Հյուսիսային Կորեան կամ ո՞ր բլոկի անդամ է Չինաստանը և շատ այլ երկրներ։ Ի՞նչ պարտադիր է որևէ միավորման անդամ լինել։ Մենք շրջապատված ենք թուրքական պետություններով՝ մեկը թուրքական Ադրբեջանը, մյուսը՝ հենց Թուրքիան։ Թուրքիան իր շահերից ելնելով, դարձել է

ՆԱՏՕ-ի անդամ, և մեզ դրանով վախեցնել պետք չէ։ Հակառակը՝ Ռուսաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելը շատ վտանգավոր է՝ ամեն ինչ արվելու է, որ կազմալուծվի Հայկական բանակն ու ինքնիշխանությունը։ Իսկ Հանրապետականները, որոնք այդ որոշմանը կողմ են քվեարկել ու նման անհեթեթ մտքեր են բարբաջում՝ առնվազն կոռուպցիոներներ ու կամակատարներ են. դա մեղմ ասած, իսկ կոպիտ ասած՝ դավաճաններ են»։

Վահան Բադասյանը շարունակում է՝ գազային պայմանագիր կնքելը ևս այդ դավաճանության շարքից է եղել. «Մեր ինքնիշխանություն հանձնողները պոտենցիալ դավաճաններ են, նույնիսկ այրեր չեն, խղճուկ անձինք են, որոնք վաճառում են մեր ինքնիշխանությունը։ Միացյալ զորախումբը՝ Ռուսաստանն է, իսկ քանի՞ անգամ է

Ռուսաստանը քաշել Հայաստանին։ Եթե բազմաթիվ անգամ քաշել է՝ ի՞նչ կարիք կա նորից գնալ։ Իմ կարծիքով՝ պատճառը միայն անձնական շահն է։ Բոլոր նրանք, ովքեր թաթախվում են սրա մեջ՝ անձնական շահ ունեն և հանուն անձնական շահի վտանգում են բոլորիս կյանքը։ Սա միանգամայն վտանգավոր քայլ է, որով մեր անվտանգությունը խարխլում են։ Մենք թանկ գազ ու հոսանք ենք օգտագործում՝ թվում է, թե դա դեռ կործանման վերջը չէ, բայց այսօր Հայաստանի միակ անվտանգության երաշխիք հանդիսացող բանակը Ռուսաստանին տալը՝ կործանում է։ Տեսեք՝ Հայաստանի իշխանություններն այսօր ոչ մի ձև չեն ուզում

զարգացնել Հայաստանի տնտեսությունը, խթանում են արտագաղթը, ամեն ինչ անում են, որ մարդիկ այստեղից թողնեն-գնան։ Մի քանի տարի առաջ օրենք ընդունվեց՝ Ռուսաստանը հեշտությամբ քաղաքացիություն է տրամադրում, շատ-շատ նպաստավոր պայմաններ Ռուսաստան արտագաղթելու համար։ Բանակն են կամաց-կամաց հանձնում, սա ո՞ւր է տանելու, կարծում եմ, բերելու է հեղափոխության»։

Վահան Բադասյանը կարծում է, որ հնարավոր է պատերազմի ժամանակ Ռուսաստանը վերահսկի նաև իր կողմից Հայաստան տրամադրած զենքի տեղափոխումը Ղարաբաղ: «Ես ամեն ինչ սպասում եմ ՀՀ իշխանություններից, նրանք կարող են թույլ տալ, որ Ռուսաստանը վերահսկի։ Ես առաջնագծի մոտ եմ ապրում իմ ընտանիքի հետ, երբ իմ ընտանիքին վտանգ սպառնա՝ ես առաջին հերթին զենք եմ վերցնելու այն իշխանության դեմ, ով այսօր ստեղծել է այս վտանգավոր իրավիճակը։ Առաջին հերթին՝ իշխանության, հետո՝ թուրքի դեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am