«…Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանն իր գրասենյակի դուռն է… …Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց…»,-այսօր իր ֆեյսբուքյան հերթական գրառման մեջ նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, կարծես թե` ավելի ընդգծելով իր տողերի «հերոսին»:
Այս օրերին շատերին է հուզում այն հարցը, թե որն է գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի տիկնոջ մոտիվը, նրա գրառումների նպատակը: Արվում են ամենատարբեր ենթադրությունները, առաջ են քաշվում տարբեր վարկածներ, նույնիսկ` այնպիսինները, որոնք դավադրությունների տեսության ժանրից են:
Մինչդեռ բոլորս մանր քաղաքականության, պալատական խարդավանքների հորձանուտում մոռանում ենք մարդկային գործոնի, արձագանքի, հույզերի, ի վերջո` տարրական արժանապատվության մասին: Անիմաստ է քաղաքական խարդավանք, մոտիվ տեսնել Ռուզաննա Խաչատրյանի գրառումներում` հատկապես այն պարագայում, երբ դրանց միջով կարմիր թելի պես անցնում են մարդկային գործոնը, մեծ վաստակ ունեցող մարդու, գործչի կնոջ հույզերը, և որ ամենաակնառուն է՝ անթաքույց հավատարմությունն ու նվիրումը սիրելի ամուսնու նկատմամբ:
Սեյրան Օհանյանն այս երկրի շարքային զինվորը չի եղել, նա անուրանալի ավանդ ունի արցախյան պատերազմում, որի ժամանակ տարբերվել է շատ ու շատ կաբինետային հրամանատարներից և իր զինվորների, քաջերի հետ հոգի է տվել առաջնագծում` կորցնելով ոտքը, կենդանի լեգենդ դառնալով հազարների համար ու նրանց հավատարմությունն ու նվիրումն իր հետ տանելով պետական ծառայության, Արցախի, Հայաստանի բանակ:
Քչերը գիտեն, որ նախարար եղած տարիներին Սեյրան Օհանյանի աշխատասենյակի, նույնիսկ` տան դռները միշտ բաց են եղել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների առաջ` անկախ նրանց քաղաքական հայացքներից: Առաջնագծում յուրաքանչյուր զինվորի մահը ողբերգություն է եղել նախարարի համար` նրա մեջ արթնացնելով պատերազմի անմոռանալի դրվագները, մարտական ընկերների կորստյան ցավը: Իշխանությունները, կամա թե ակամա, շատ տգեղ ձևով հրաժեշտ տվեցին զուսպ ու հավասարակշիռ նախարարին, փառավոր ուղի անցած մարտական հրամանատարին, հավատարիմ զինակցին ու ընկերոջը: Վիգեն Սարգսյանն անգամ չգրված օրենք խախտեց, «ուրացման» մտածողությունը բանակ բերեց` փորձելով ջնջել այն, ինչ կապված է Օհանյանի
պաշտոնավարման շրջանի հետ, չկարողացավ դիմանալ գայթակղությանը ու քարոզարշավի ժամանակ հակառակորդի աչքով նայեց Սեյրան Օհանյանին` չնայած այն հանգամանքին, որ ոչ մի ՕՐՕ չի կարող նսեմացնել գեներալի փառավոր անցյալը, ու ոչ մի հանրապետական կոմսոմոլ չի կարող իր քրեաօլիգարխիկ որջը նույնացնել հայրենիքի հետ` տպավորություն ստեղծելով, թե պատերազմում փառաբանված գեներալը դասալիք է` իրենց շարքերից անդին:
Ինչո՞ւ են իշխանությունները դավադրություն, հետին միտք տեսնում Ռուզաննա Խաչատրյանի գրառումներում, երբ անկյուն են հրել գեներալին, ուրացել են նրա վաստակը:
Պատկերացնել կարելի է մարդկային այն ապրումը, երբ Պաշտպանության նախարարի զինվորական բարձրակարգ ծառայությունից հետո մեկ տարի անց միացնում է հեռուստացույցը ու տեսնում ամուսնուն փոխարինած նախկին կոմերիտականի ժեստերով մեկին, ով փորձում է հայրենասիրության դասեր տալ Ազգային ժողովի պատգամավորներին և գիտակից հանրությանն ընդհանրապես:
Այսպես թերևս կվարվեր ցանկացած կին, ով նվիրված է իր ընտանիքին ու ամուսնուն` նրա կերպարի մեջ տեսնելով ոչ միայն ընտանիքի, այլ նաև հայրենիքի խորհուրդը: Միևնույն ժամանակ վերջին օրերի զարգացումները հասունացնում են խորը համոզում, որ Ռուզաննա Խաչատրյանը պետք է կանգ առնի նույնքան արժանապստիվ, նույնքան հպարտ` անկախ այն հանգամանքից, որ նրա գրառումները խորապես մոտիվացված են: Այս «սովորական» գրառումների հեռահար հետևանքը կարող է գործի դնել մի մեծ մարդակուլ մեքենա, տակնուվրա անել ամեն ինչ, նաև ամուսնուն զորակցելու և պաշտպանելու Ռուզան
Խաչատրյանի գեղեցիկ նպատակը: Այս բոլորը կարող է շրջվել, դառնալ այնպիսի մեծ փորձանք, որին Սեյրան Օհանյանը չի հանդիպել անգամ մարտի դաշտում: Դադար պետք է տալ, ավելի բարձր պետք է գտնվել, որովհետև իշխանությունն ինչպես հայտնի է ընդդիմախոսին ոչնչացնում է բնավ էլ, և ոչ միայն խոսքի միջոցով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am