Կառավարության շենքի առջև քաղաքացիների տարբեր խմբեր բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ամեն մեկը բարձրաձայնելով իր խնդիրն ու ակնկալելով պետական որևէ պաշտոնյայի հետ, հիմնականում վարչապետի, հանդիպում:
Այստեղ են նաև Արծվաշենի նախկին բնակիչները, որոնք տարիներ շարունակ պահանջում են դեռևս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը: Նրանք նշում են, որ 2009 թվականից խոստացած փոխհատուցումը դեռ չի տրվել: Արծվաշենցիներն ասում են, որ հանդիպել են վարչապետի, նախարարների, մարզպետի, համայնքապետի հետ, որևէ բան չի փոխվել:
«Մենք այդ գյուղը հայ ազգի համար ենք նվեր տվել, մատաղ արել: Ապրում ենք տարբեր սահմանապահ գյուղերում, հիմնականում Ճամբարակում, մեր տները փայտյա են, փլվում են: 2009 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել նյութական կորուստները փոխհատուցելու համար վճարել 6 միլիարդ դրամ: Այսքան ժամանակ տրվել է 708 միլիոն դրամ, 2000 հոգի է օգտվել դրանից, շունչը ստացել է 360 հազար դրամ: Նախկին, ներկա իշխանությունների ժամանակ մեր հարցն առաջ չի գնում: Ուզում ենք իմանալ՝ ինչո՞ւ է սառած հարցը»,-ասաց բողոքող արծվաշենցիներից մեկը:
«Արծվաշեն և որդիներ» հայրենակցական ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը նշեց, որ այստեղ են հավաքվել հայրենիք կորցրած մարդիկ, նրանց զավակների մեծ մասն այսօր Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններն են պաշտպանում, դիրքերում են: Նա ասաց, որ արծվաշենցին այս պահին անտեսված է:
Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում