Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եւ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին եւ Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին շրջանում իրականացված ինժեներական, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: ՀՀ վարչապետը եւ ԱՀ նախագահը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին եւ զրուցել զինվորների հետ: Վարչապետը կարեւորել է զինված ուժերում սննդի նոր կարգի ներդրումը եւ նկատել, որ այն կարող է խթանել նաեւ գյուղատնտեսության զարգացումը, քանի որ գյուղմթերքը ձեռք է բերվելու ուղիղ գյուղացուց:
Եվ ես ուզում եմ, որ այդ գիտակցումը ձեր մեջ լինի, որովհետեւ երբեմն կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ ենք մենք այստեղ կանգնած: Դուք այստեղ կանգնած եք մեր ամբողջ պետության, ամբողջ ժողովրդի կյանքը, գործունեությունը, ամեն օրը եւ ամեն պահը իմաստավորված դարձնելու համար, որովհետեւ եթե դուք այստեղ չլինեք, այնտեղ ոչ մեկ իմաստ չի ունենա ընդհանրապես որեւէ բան անելու: Հետեւաբար, անձամբ ես, մեր կառավարությունը ուզում ենք, որ դուք ամեն րոպե զգաք, թե մենք ինչքան բարձր ենք գնահատում այն ծառայությունը, որ դուք կատարում եք հայրենիքի առաջ: Հայրենիքը մեր ունեցած ամենաբարձր զգացողությունն է, բայց ես ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն ավելի կոնկրետ ընկալի ինչ է Հայրենիքը, ավելի ճիշտ, ովքեր են Հայրենիքը, ով է Հայրենիքը: Հայրենիքը ձեր ծնողներն են, Հայրենիքը ձեր քույրերն են, ձեր եղբայրներն են, ձեր հարազատներն են, Հայրենիքը ձեր սիրած աղջիկներն են, Հայրենիքը ընկերներն են, Հայրենիքը ձեր պապերն են, Հայրենիքը ձեր սերունդներն են, որոնք դեռ պետք է ծնվեն եւ որոնք պետք է ապրեն ազատ եւ երջանիկ երկրում: Եվ ես հույս ունեմ, որ այդ հոգատարությունը, այդ մտահոգությունը, այդ նպատակը դուք զգում եք:
Մանրամասները Տեսանյութում