Հարված Թուրքիային՝ Հայաստանով. գաղտնի պլանը քանդվում է

lragir.am-ը գրում է․ «Nordic Monitor-ի հոդվածագիր Աբդուլլահ Բոզքուրթը հրապարակել է տեղեկություն Հայաստանի դեմ ռազմական գործողության թուրքական զինուժի գլխավոր շտաբում եղած գաղտնի պլանի մասին, որն ըստ հոդվածի կազմվել է դեռեւս 2001 թվականից եւ վավեր է մինչ այժմ: Հոդվածագիրը գրում է, որ պլանը կոչվում է ALTAY, այն կազմել է ռազմաօդային ուժերի երկրորդ հրամանատարությունը եւ գործողությունը ենթադրել է օդային հարձակում: Հոդվածագիրը նշում է, որ պլանի առկայության մասին բացահայտվել է թուրքական գլխավոր շտաբի արտահոսքից:

Հունական լրատվամիջոցներն արտահոսքը որակել են սենսացիոն, գրելով նաեւ, որ դա վկայում է, թե Սիրիայից հետո Թուրքիայի երկրորդ թիրախը լինելու էր Հայաստանը:

Այն, որ Թուրքիան կարող է ունենալ Հայաստանի դեմ հարձակման պլան, Հայաստանի համար թերեւս չի կարող լինել սենսացիա: Ավելին, թերեւս տարօրինակ կլիներ, եթե Թուրքիայում չլիներ այդպիսի պլան: Ի վերջո, երբ օրինակ թուրքական վերնախավը խոսում է պանթուրքական հավակնության մասին, դա ամենեւին չի ենթադրում լոկ հռետորաբանություն:

Մեծ հաշվով, այս կամ այն ուղղությամբ ռազմական գործողությունների, զարգացումների, հարվածների կամ հակահարվածների գաղտնի պլաններ թերեւս առկա են բոլոր ուժային կենտրոններում: Այլ կերպ չի լինում, եւ այս դեպքում թերեւս հատկանշական է արտահոսքի հանգամանքը:

Արձագանքների իմաստով այն իհարկե կարող է ունենալ բազմաշերտ ազդեցություն: Օրինակ, արտահոսքը առիթ է Ռուսաստանին ցույց տալու, թե որքան իրական է թուրքական վտանգը, ըստ այդմ Ռուսաստանի անհրաժեշտությունը Հայաստանին՝ Գյումրու ռազմակայանով հանդերձ:

Հատկանշական է նաեւ, որ թուրքական արտահոսքի մասին հայտնի է դառնում ռուսական ռազմակայանի կրակային հզորությունը կրկնապատկելու մասին ՌԴ պաշտպանության նախարար Շոյգույի հայաստանյան հայտարարության ֆոնին:

Մյուս կողմից, Հայաստանի դեմ հարձակման մասին գաղտնի պլանի վերաբերյալ արտահոսքը հենց Ռուսաստանին կարող է փաստարկ տալ իր հայտարարության համար, Թուրքիայի հնարավոր հարցադրմանն ի պատասխան: Թերեւս կասկած չկա, որ Անկարան Մոսկվայից բացատրություն ակնկալել է Շոյգուի հայտարարության համար, եւ արտահոսքը փաստորեն տալիս է այդ բացատրությունը:

Այդ ամենով հանդերձ, արտահոսքը ավելի լայն իմաստով հարված է Անկարայի միջազգային, ռեգիոնալ դիրքերին, այդ շարքում նաեւ ԱՄՆ-ում հայկական հարցի քաղաքական շրջանառության նոր մակարդակի պայմաններում:

Բացատրություններ տալու անհրաժեշտություն խոշոր հաշվով լինելու է Անկարայի համար: Իհարկե ոչ Հայաստանին, այլ Կովկասում նոր ռազա-քաղաքական անվտանգային համակարգի բյուրեղացման գործընթացում ներգրավված ուժային կետրոններին, որոնցից յուրաքանչյուրի հետ Անկարան ունի հարաբերության իր բարդ կծիկը, որն ավելի է բարդանում Հայաստանի դեմ հարձակման պլանի գաղտնազերծումով: Պլան, որի առկայությանը թերեւս երբեք չի կասկածել ոչ ոք, բայց որի առկայության մասին գաղտնազերծումը թույլ է տալիս այն դարձնել խաղաքարտ Անկարայի դեմ:

Մանրամասները՝ այստեղ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.