«Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից քաղաքապետարանին տրված 3 աղբատար կամազների դիմաց օրինականացվել է 5842 քառակուսի մետր ինքնակամ շինություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, ֆեյսբուքյան լայվի միջոցով ասել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքով՝ շինությունը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը. «Իմ ձեռքի տակ է քաղաքապետի որոշումը, վերնագրված Մալաթիա–Սեբաստիա Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավուքով՝ քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացման մասին։ Խոսքը 5842 քառակուսի մետր ինքնակամ կառույցի մասին է, որը քաղաքապետն իր որոշմամբ օրինականացրել է։ Եթե մտաբերեք այս անուն ազգանունը, այն համապատասխանում է պարոն Սամվել Ալեքսանյանի կնոջ անուն ազգանվանըտ, իսկ Օհանով 15/1 հասցեն այն հասցեն է, որտեղ գրանցված է Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցը»։
Խաժակյանի խոսքով՝ քաղաքացին դիմել է սեպտեմբերի 23–ին եւ դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ քաղաքապետարանը ստացել է այս աղբատար մեքենաները։ «Քաղաքապետարանը ռեկետի միջոցով գործարարներին առաջարկել է գործարք՝ բերեք ծառայություն մատուցեք, այդ մեքենաները տրամադրեք մեզ եւ դրա դիմաց մենք ձեզ կտանք այս շինթույլտվությունը»,– ասել է «Լույս» խմբակցության ղեկավարը։
Նրա խոսքով՝ այս որոշումը քաղաքապետը ստորագրել է նոյեմբերի 4–ին, երբ դեռ արտերկրում է եղել։
«Դա այն ժամանակահատվածն է, երբ Հայկ Մարությանը երկրում չէր գտնվում, բացակայում էր քաղաքից եւ փաստորեն ստորագրվել է որոշում, որը բնականաբար եղել է իր գիտությամբ։ Երբ նայում ենք այդ օրվա մյուս որոշումները, տեսնում ենք, որ քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանն է ստորագրել, բայց այս մեկը քաղաքապետի բացակայության ժամանակ ստորագրվել է քաղաքապետի անունից»,– ասաց Խաժակյանը։
Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում