«Ռեստարտ»-ը նոր նախաձեռնություն է սկսում՝ Հայաստանում իրավական համակարգի բարեփոխումների միջոցով երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելու նպատակով։
Ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունն այսօր առաջին ակցիան իրականացրեց Ազգային անվտանգության ծառայության մոտ՝ հիշեցնելով, որ 2018 թվականի ապրիլին համընդհանուր բողոքի եւ հանրության համընդհանուր ցանկության արդյունքում տեղի ունեցավ հեղափոխություն, որի գլխավոր նխպատակներից մեկը պետք է լիներ Հայաստանի ժողովրդի արժանապատվության վերականգնումը։
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի համոզմամբ՝ հայ հանրությունը շարունակում է անվստահություն ունենալ մեր իրավապահ ինստիտուտների նկատմամբ, իսկ առանց վստահության՝ թավշյա հեղափոխությունը ավարտված լինել չի կարող․
«Մենք շարունակում ենք ունենալ ուժային կառույցներ, որոնցից ժողովրդի վախը շատ է, իսկ արդյոք քաղաքացիները պե՞տք է վախենան ԱԱԾ-ից, ոստիկանությունից, դատախազությունից եւ դատարաններից այն պարագայում, երբ ցանկանում են որ իրենց իրավունքներն ու ազատությունները պաշտպանված լինեն»,- հնչեցրեց Պետրոսյանը՝ նշելով, որ ակցիան սկսում են ԱԱԾ-ի մոտից՝ ցույց տալու, որ իրենք չեն վախենում այս կառույցներից, եւ ավելին՝ իրենց մտահոգությունն ու կասկածներներ են հայտնում այս ինստիտուտի գործունեության վերաբերյալ։
Պետրոսյանի խոսքով՝ քաղաքացիների մոտ շարունակում է մնալ մտահոգությունը, որ ուժային կառույցները լսում են իրենց հեռախոսները, եւ շարունակում են չբացահայտված մնալ այն անձինք, որոնք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանին հայհոյանքներ հնչեցնելու համար աղբարկղը գցելու գործողությունն ամենասկզբից տեսանկարահանել են․
«Չեն բացահայտվում մարդիկ, որոնք նկարահանել են մեր այդ գործողությունը, երբ Նարեկ Մալյանին մեր ծնողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար փորձում էինք նետել աղբարկղը, եւ կասկածելի է, որ իրավապահները սպասում էին մեր այդ գործողությանը։ Կասկածելի է նաեւ, որ Մալյանի այդ վարքագիծն անարձագանք մնաց»։
Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում