Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին տեսանյութ է հրապարակել է իր էջում և գրել.
«Ընկերներ, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել մերձմոսկովյան Դուբնա քաղաքում…
Մի քանի երիտասարդներ՝ ՀՀ քաղաքացիներ, հանգստանում էին Դուբնայի Դաչնայա փողոցի «Լիմոնադ» գիշերային ակումբում:
Ակումբում նրանք հանդիպել են ծանոթ ընկերախմբի, որի շարքում էր նաև Դուբնա քաղաքի բնակիչ, ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Նախկինում նա ունեցել է կոնֆլիկտ այն ընկերախմբի հետ, որի մեջ ներգրավված էր Գյումրի քաղաքից սերված Երեմ Գևորգյանը: Ակումբի ներսում շփման ընթացում տղաները դադարեցրել են անհամաձայնությունները, թվում էր՝ բոլոր հարցերը փակված են:
Ավելի ուշ, երբ Երեմը և նրա զարմիկը ծխել են հաստատության մուտքի մոտ, նրանց վրա հանկարծակի հարձակվել է նշված քաղաքացին: Հարվածների տարափի հետևանքով Երեմը ընկել է և ստացել կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք, իսկ նրա զարմիկը՝ միջին ծանրության վնասվածքներ:
Ըստ նախնական տվյալների՝ իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժող կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նա կարող է ազատ արձակվել, քանի որ նախկինում ցուցակագրված է եղել ՆԳՆ կառույցներում:
Այս պահին հարազատներին արդեն տեղեկացրել են, որ հնարավոր է, որ այս դեպքում կիրառվի Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածը ՝ «Անզգուշությամբ մահը պատճառելը»:
Ես խնդրում եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը վերահսկել հետաքննության ընթացքը, որպեսզի կասկածյալը հնարավորություն չունենա օրենքի ողջ խստությամբ պատժից խուսափելու»:
Մանրամասները` Տեսանյութում