Րոպեներ առաջ Նոր մանրամասներ. Տեսանյութեր ... Ողջ ընթացքում պատանդառուն երեխայի վրա է պահել դանակը. նրա նախկին կինը...NEWS.am

Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել «Մանուշակ» մանկապարտեզում այսօր 3-ամյա երեխային պատանդառած տղամարդն ու 3-ամյա երեխան: NEWS.am-ի տեղեկություններով, տղամարդն ինքն իրեն վնասել է դանակով,  նրան պետք է վիրահատեն: Մեզ հաջողվել է նաեւ զրուցել երեխայի հոր հետ, որն ասել է, որ երեխան վնասվածքներ չունի, նրան այս պահին հետազոտում են:

NEWS.am-ին նաեւ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել. ըստ այդմ, բանակցություններին մասնակցել է պատանդառուի նախկին կինը, Արմավիրի ոստիկանապետը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Այդ ամբողջ ընթացքում պատանդառուն երեխայի վրա է պահել դանակը:

Պատանդառուն իր նախկին կնոջը վնասվածք է հասցրել մանկապարտեզի բակում, վերջինիս հաջողվել է փախուստի դիմել եւ հենց այդ պահին էլ տղամարդը պատանդառել է 3-ամյա երեխային: Որից հետո կինը տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Ավելի ուշ հիվանդանոց են տեղափոխել նաեւ նրան, որն ունի վնասվածքներ պարանոցի շրջանում եւ ձեռքին: Ըստ հիվանդանոցի բժիշկների, նա քիչ անց կտեղափոխվի Երեւան:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Տղամարդը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում 3-ամյա երեխայի:

Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, նրան դիմավորել են ծափահարություններով:

Րոպեներ անց ոստիկանները մգեցված ապակիներով մեքենայով շենքից դուրս են բերել պատանդառուին, այնպես, որ ոչ ոք հնարավորություն չունենա տեսնելու նրա դեմքը:

Լուրեր կան, որ տղամարդը նախկին կնոջն ու երեխային տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային:

Ոստիկանությունն այս տեղեկությունները չի հաստատում, նրանք ասում են միայն, որ տղամարդը անձնական պատճառներ է ունեցել, սակայն չեն մանրամասնում:

Թեեւ ոստիկանությունը գաղտնի է պահում տղամարդու ինքնությունը, սակայն նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am