factor.am-ը գրում է. Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբոն) արձագանքել է «Դեյզի» այգու սեփականաշնորհման շուրջ վերջին քննարկումներին և, մասնավորապես, օգոստոսի 2-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը։ ԲՀԿ-ական նախկին թաղապետը կոշտ գնահատականներ է հնչեցրել Մարությանի հասցեին։ Հիշեցնենք, որ քաղաքապետ Մարությանը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր հետևյալը․ «Գալիս են մարդիկ՝ սա իմ հողատարածքն է, ուզում եմ այստեղ շենք կառուցել։ Ես հատիկ-հատիկ բոլորը նայում եմ և հենց տեսնում եմ՝ կասկածելի է, կա Google Earth ծրագիր, որտեղ կարողանում ես ժամանակային հետ տալ։
Հետ ես տալիս, տեսնում ես՝ մեծ այգի է, որը փոսի է վերածվել։ Սա Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածն է, տարածքն իրավունք չունի օտարվելու, բայց օտարվել է և ո՞ւմ է օտարվել՝ այդ վարչական շրջանի թաղապետի աղջկա անունով։ Ես կանգնեցնում եմ պրոցեսը, թույլ չեմ տալիս շինարարություն լինի և ասում եմ՝ ուղարկեք դատախազություն»: Հայկ Մարությանի հիշատակած նախկին թաղապետը Ռուբեն Գևորգյանն է, որը առավել հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականունով։ Նրա ընտանիքին է անցել «Դեյզի» այգին, երբ դեռ Գևորգյանը թաղապետ էր։
Այս առիթով նախկին թաղապետը պարզաբանել է հետևյալը․ «Ինչ վերաբերում է Դավթաշենի 4-րդ թաղամասի 13,14 շենքերի հարակից տարածքին, որի մասին այսօր անտեղյակները ապատեղեկատվություն են տարածում հասարակության շրջանում, եղել է մեծ ժայռաբեկորներով տարածք, որտեղ 21 տարեկան աղջիկս ցանկություն հայտնեց իր կողմից այդ ժայռաբեկորների հարթեցման պարագայում, այնտեղ հիմնել սրճարան և այդ բիզնեսի կայացման համար այնտեղ կառուցեց կենդանիների ու թռչունների հարմարավետ վանդակներ և կանաչապատեց էկզոտիկ և տեղական բույսերով ու ծաղիկներով, իսկ սրճարանի անվանումը դրեց «Դեյզի» իր աղջնակի անունով։
Դա եղել է ընդամենը վարձակալական հիմունքներով հողահատկացում՝ հասարակական կառույցներ իրականացնելու նպատակով»։ Հետո Ռուբեն Գևորգյանը նշում է, թե իր թաղապետ լինելու ժամանակ հողի սեփականաշնորհման օրենք չի գործել Հայաստանում և ինքը ոչ մի կտոր հող իր թաղապետության օրոք չի սեփականացրել․
«Այդ տարածքը սեփականացվել է ինձանից հետո համապատասխան հողի սեփականության օրենքի բոլոր իրավական դրույթների հիման վրա։ Նշված տարածքում հողային աշխատանքներ իրականացնելու համար, օրինականությունը ճշտելու համար նախկին իշխանության օրոք, դատախազության որոշ բողոքների հիման վրա ծառահատումների հետ կապված հարուցեց քրեական գործ, կատարվող քննության արդյունքում կարճվեց գործը՝ համոզվելով օրինականության փաստերին»։Ռուբեն Գևորգյանը շեշտում է, որ նախկին իշխանությունների կողմից իր ընտանիքը հանգիստ չի ապրել՝ ամեն շարժ խստագույնս ստուգվել է:Մանրամասները սկզբնաղբյուրում:
Մանրամասները Factor TV-ի Տեսանյութում