«Թուրքեր վաղ առավոտյան մոտ 60 հոգով մտել են դիրք: Էդիկը 2 ժամ 15 րոպե դիմադրել է: Երեք ընկերներով զոհվել են: Հետախույզ է եղել իմ թոռը, իսկ հիմա ես ծանր վիճակում եմ: Տիկին Մարգարիտան (նկատի ունի «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանին) գիտի իմ Էդիկի մասին: Նրան հանդիպել է մինչ զոհվելը: Էդիկի հայրը այդպես էլ հայր չդառավ իր երեխաների համար…»,-Arlur.am-ի հետ զրույցում պատմեց Կատյա Հայրապետյանը:
Կատյա Հայրապետյանը չի կարողանում խոսել առանց արցունքների: Նա ստիպված է դիմել ՀՀ կառավարությանը, որովհետև կանգնել է ծանր իրավիճակի առաջ: Չի կարողանում վճարել վարկը, որը վերցրել է որոշ կարիքներ հոգալու համար:
«Գերեզմանին «յոլկեք» եմ դրել, ամեն ինչ անում եմ , որ երեխուս հիշատակը հավերժանա, որ մարդիկ իմանան իմ Էդոն սարերի վրա է զոհվել: Վարկ եմ վերցրել ու չեմ կարողանում էտ տոկոսների տակից դուրս գամ, գոնե հաշվի առնեն ու տոկոսները նվազեցնեն, որ կարողանամ իմ թոշակով մայր գումարը փակեց»,-մանրամասնեց Կատյա Հայապետյանը:
Նշենք, որ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում ծնված Էդուարդ Հայրապետյանը 2013 թ. թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և ծառայության անցել ԱՀ Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հետախույզ–գնդացրորդ:
2015 թ. մարտի 19–ին, ժամը 8:30–ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախչել, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Մանրամասները Arlur.am-ի տեսանյութում