ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարությունուն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար պետբյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելուն։
«Հանրության արձագանքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, հետևից փսփսացել են, էդ մարդը կանգնել է ինքնասպանության եզրին ու հասկացել՝ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից թողնել: Երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը», — ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը վարչապետ որակել է «էժանագին պրոպագանդա»։
«Համարում եմ դա կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա։ Նրանք էդ լափամանին մոտ չեն գալու, որովհետև լափամանը չկա, լափը չկա ու իրանց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են», — նշել է վարչապետը։
Նա նաև ընդգծել է, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։
«Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք», — ասել ՀՀ վարչապետը։
Ելույթից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ծափահարել են վարչապետին։
Մանրամասները Տեսանյութում