ԱԺ «Բարգավավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն օրինագիծ ներկայացրեց կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ։
«Եթե վարչապետը հայտարարում է, որ բյուջեի մուտքերն ավելանում են, որ կա փող, բայց ծախսելու տեղը հայտնի չէ, եթե երկրի գործերը գնալով լավանում են, ապա ո՞ր ուղղությամբ ուղղել այդ միջոցներ, եթե ոչ թոշակառուների թոշակի բարձրացմանը»,-հայտարարեց նա։
Ուրիխանյանի խոսքով՝ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին՝ պատճառաբանելով, որ հաշվարկելը դժվար է լինելու։
«Այսօրվա իրականության մեջ չկա մի բան, որը գրանցված և փաստաթղթավորված չէ, այն էլ՝ էլեկտրոնային և թվային աշխարհում և արդեն 1.5 տարի այդ հաշվարկն անելը պետք է լիներ հեշտ։ Եթե ՀՀ քաղաքացին իր միաբան ոգով 1,5 տարի առաջ փողոց դուրս գալով բացառապես իր կյանքում որակ փոխելու նպատակով չստանա այն, ինչի համար Ձեզ սկուտեղի վրա մատուցեց իշխանություն, ապա Դուք դրանով կոտրելու եք 800 հազար աղքատների հոգու ջրագը, որը վառվեց 1,5 տարի առաջ»,-ասաց Ուրիխանյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դուր չեկավ վերջինիս դիտարկումը, և նա հարց ուղղեց՝ արդյո՞ք դա պատգամավորի մասնավոր դիտարկումն է, որ իրենց սկուտեղի վրա իշխանություն է մատուցվել։
«Իմ պաթոսի մասին ձեզ հայտնի տարբեր մարդկանց տարբեր մարմնի մասեր հատելու սպառնալիքներով հանդես եկող հանրաճանաչ գործիչներ նույնիսկ չեն կարողացել մեկնաբանել: Խնդրում եմ կոռեկտություն պահպանեք: Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, այո, պետք է ջանալ հաշվել: Պարոն Միրզոյան, այո, ժողովուրդը ձեզ մատուցեց իշխանությունը»,-պատասխանեց Ուրիխանյանը։
«Պարոն Ուրիխանյան, մենք շատ լավ հիշում ենք մեր իշխանության աղբյուրը, իսկ դա ՀՀ քաղաքացին է ու նրա տված քվեն: Դուք չէ, որ մեզ պետք է այդ մասին անընդհատ հիշեցնենք: Խոսքը «սկուտեղի վրա մատուցել» արտահայտությունն էր, որն, ինձ թվաց ոչ այնքան ճշմարտությունն արտացոլող»,-արձագանքեց Միրզոյանը։
«Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին Ուրիխանյանի նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց։
Մանրամասները NEWS AM-ի Տեսանյութում